Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար․ ԵՄ ներկայացուցիչ
Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Известия»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշել՝ ինչպես ապահովել նման ապագա: Յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն՝ արդյոք ցանկանո՞ւմ են դիմել ԵՄ- ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։
Նա հիշեցրել է, որ երբ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն վերանայվում է անդամ երկրների կողմից, իսկ որոշումը կայացվում է «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Փաստաթղթի հեղինակը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն է։