Փաշինյանի՝ Ոսկեպար այցը բեմականացված շոու էր․ պատգամավոր
Առավոտյան բնակիչները հանկարծակի իմացել են, որ Նիկոլ Փաշինյանը այցելում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ։ Նրանց նպատակը բեմականացված շոու կազմակերպելն ու ցույց տալն է՝ մարդիկ ինչ լավ են ընդունում կապիտուլիանտին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այցը լուսաբանելու համար որևէ լրատվամիջոց ներկա չի եղել։ Փաշինյանը Ոսկեպար գնացել է միայն անձնական օպերատորի հետ։ Դա նշանակում է, որ գնացել են իրենց ուզած պատկերը ստանալու։ Ես համարում եմ՝ չստացված։ ՔՊ-ական պատգամավորներով լցրել են Ոսկեպարի դահլիճն ու ստեղծել ֆոն, թե մարդիկ իբր գոհ են հանդիպումից ու տարածքները հանձնելու որոշումից»,- ասել է Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով գյուղացիները Փաշինյանին հարցրել են՝ ի՞նչ տարածքներ է հանձնում։ Այդտեղ ամագ ունի՞։ Պատերազմներին, ազատագրական պայքարին մասնակցե՞լ է։ Հարցերին Փաշինյանը հստակ պատասխան չի տվել։
«Այդ տարածքները զիջելու դեպքում մենք կանգնելու ենք լուրջ վտանգների առաջ։ Այդ տարածքները մեզ համար Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է, կոմունիկացիաներն են, գազն է, որ մտնում է ՀՀ, կահավորված առաջնագիծն է։ Այսինքն՝ հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։
Այդ գյուղերը հանձնելով ՔՊ-ն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները բերում ու հարմար տեղավորում է միջպետական ճանապարհի վրա»,- ընդգծել է Դանիելյանը։
Եթե Փաշինյանը հանձնի Տավուշի նշած 4 գյուղը, արդեն շրջակա գյուղերն են հայտնվելու թշնամու ուղիղ վերահսկողության տակ՝ զգուշացնում է պատգամավորն ու հավելում, որ այդ գյուղերում ուղիղ վտանգի տակ կաշխատեն մանկապարտեզն ու դպրոցը։
«Ամբողջ տարածաշրջանը դատարկվելու է, մարդ չի մնալու։ Դրա մասին փաստել են նաև բնակիչները տարբեր հանդիպումների ժամանակ։ Թշնամուն բերում, հասցնում են գյուղացու տան մոտ, ի՞նչ անենք՝ խոհանոցում խրամատ փորենք»,- նշում է Դանիելյանը։
Վտանգները հաշվի առնելով՝ հնարավո՞ր է Փաշինյանը հետ կանգնի գյուղերը հանձնելու որոշումից՝ հարցնում են լրագրողները։ Եթե բնակիչների, ժողովրդի կողմից դիմադրություն չլինի, Փաշինյանը ոչնչի առաջ չի կանգնի՝ եզրափակում է Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ ու հանդիպել հարակից գյուղերի բնակիչների հետ։ Այցի կարևոր կետերը առանձնացված են։
Փաշինյանի այցից մեկ օր առաջ Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Բաղանիս գյուղեր էին այցելել նաև «Հայաքվե» նախաձեռնության անդամները։