22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը և ՆԱՏՕ-ից հիմնական ուղերձները

Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը և ՆԱՏՕ-ից հիմնական ուղերձները

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը օրեր առաջ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր։ Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը, նախ եղավ Ադրբեջանում, այնուհետև՝ Վրաստանում և Հայաստանում։

ՆԱՏՕ-ից գլխավոր քարտուղարի մակարդակով այցելություն Հայաստան, վերջին անգամ եղել էր 2012թ-ին, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հայաստանում մի շարք արևմատամետ տեսաբաններ, Բրյուսելից կամ Վաշինգտոնից ամեն կարգի պաշտոնիայի այց տարածաշրջան պատմական լուրջ իրողություն են համարում և Դաշինքի քարտուղարի այցելությունը ևս բացառություն չէր։ Սակայն, հանուն ճշմարտության պետք է համաձայնել, որ Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը իրոք նշանակալից էր, բայց ոչ թե՝ Հայաստանի կամ Վրաստանի, այլ միայն Ադրբեջանի համար։

2012թ-ից ի վեր տեղի են ունեցել համաշխարհային քաղաքական պրոցեսներ, որոնք էականորեն մեծացրել են Ադրբեջանի նշանակությունը գլոբալ Արևմուտքի համար։ Եվ սա հստակ երևում է Բաքվում Ստոլտենբերգի արած հայատարարություններից, որոնք ի տարբերություն Երևանի և Թբիլիսիի, դեկլարատիվ չէին և սահմանում էին հստակ աշխատանքային ուղենիշներ։ Այս ուղենիշները պարզ երևացին գլխավոր քարտուղարի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ, որտեղ ընդգծվեց Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում և նրա սերտ կապերը ՆԱՏՕ-ի մի շարք անդամների հետ, ըստ էության՝ ի նկատի ունենալով Թուրքիային։ Հատկանշական էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ հանդիպումը։ Հատուկ ընդգծենք, որ Ադրբեջանը հարարավկովկասյան երկրներից միակն էր, որտեղ Ստոլտենբերգը հանդիպեց պաշտպանության նախարարի հետ և քննարկեց ռազմական ոլորտում համաձայնագրերի կնքման գործընթացները։ Որոնք էլ վերաբերում էին Ադրբեջանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասցնելուն և ռազմական կրթությանը։ Ստացվում է, որ Արևմուտքում Բաքվին են տեսնում, որպես կարևոր գործընկեր և նրա հետ են խորացնելու, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական կապերը։ Հենց դա է պատճառը, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ձգտում են Ադրբեջանի զինուժը հնարավորինս համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե արդյոք միայն էներգետիկ գործոնո՞վ է պայմանավորված Ադրբեջանի հանդեպ այսքան ուշադրությունը։ Չէ՞ որ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական ֆավորիտը Վրաստանն է եղել։ Այստեղ հիմնական խնդիրը, ոչ միայն Արևմուտքի համար էներգետիկ մատակարարումն է, այլև այն, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի համար առանձնակի նշանակություն ունեցող Տրանսկասպյան կոմունիկացիոն ուղիների կարևոր մաս։ Հենց այս պատճառով է, որ արևմտյան պետությունները շահագրգռված կոչեր են անում Հայաստանին, գնալ խաղաղության Ադրբեջանի հետ և բացել ճանապարհները։ Քանի որ, դա կշրջանցի Վրաստանը և կկարճացնի ու ավելի հուսալի կդարձնի Տրանսկասպյան հորիզոնական կոմունիկացիաները, ինչն էլ, բնականաբար չի բխում Վրաստանի շահերից։ Բացի այս, ինչպես նշում է Ջոն Հերբեթը, հիասթափեցնող գործընթացներ են եղել Վրաստանի հետ կապված։ Ըստ էության, տեսաբանը ի նկատի ունի Ռուսաստանի նկատմամբ Թբիլիսիի չեզոք քաղաքականությունը և արևմտյան պատժամիջոցներին չմասնակցելը։

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, ապա Ստոլտենբերգը Երևանում և Բաքվում արել է հստակ հայտարարություններ այն մասին, որ հիմա Ադրբեջանը և Հայաստանը ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ։ Եվ սա հնարավորություն է իրար հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Եթե ավելի պարզ բառերով բացատրենք, ՆԱՏՕ-ի քարտուղարը ուզում է ասել, որ տեղի ունեցած պատերազմի հետևանքով Հայաստանը պարտվել է, իսկ Ադրբեջանը՝ հաղթել, ուստի պետք է ընդունել գոյություն ունեցող արդյունքները, խաղաղություն կնքել և բացել կոմունիկացիաները։ Ստոլտենբերգը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքումը կօգնի կայունացնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ինչն էլ, ըստ արևմտյան հաշվարկների հանգեցնելու է Հայաստան-Թուրքիա սահմանից ռուսական բազայի դուսբերմանը։ Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարի խոսքով՝ Թուրքիան այս տարածաշրջանում իրենց դաշնակիցն է, և Հայաստանը կարող է խորացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով։ Ստացվում է, որ Երևանն Արևմուտքին հարկավոր է զուտ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Այդ ամենի իրականացումից հետո Վաշինգտոնում և Բրյուսելում միևնույն  է լինելու, թե ինչ կլինի Հայաստանի հետ։

Որոշ արևմտամետ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, թե ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքը այքան խորքային շահեր ունեն Հայաստանում, որ պատրաստ են պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը Ադրբեջանից և իրենց դաշնակցից՝  Թուրքիայից։ Այս տեսաբաններին այդպես էլ չի հաջողվել վեր հանել այն խորքային պատճառները, որի համար Արևմուտքը պատրաստ է ռեսուրսներ ծախսել Հայաստանի համար։ Միակ շրջանառվող տեսակետն այն է, որ ԱՄՆ-ին Հայաստանը հարկավոր է, որպես հակառուսական պալացդարմ։ Հարկ է նշել, որ հայ ժողովրդի ազգային շահերից չի բխում լինել մի համաշխարհային բլոկի ձեռքին գործիք ընդդեմ մյուսի։ Եվ հետո, ինչպես քարտուղար Ստոլտենբերգի Բաքվում արած հայտարարությունները ցույց տվեցին, հակառուսական պլացդարմ դառնալու իրական պոտենցիալ ունի Ադրբեջանը։ Այն արդեն այդպիսի դեր է  կատարում Իսրայելի համար՝ ընդդեմ Իրանի, իսկ ադրբեջանցի գրոհայինները Ուկրաինայում կռվում են ռուսների դեմ հենց Ադրբեջանի աջակցությամբ։ Ուստի, ոչինչ չի խանգարում Ադրբեջանին, Արևմուտքից շոշափելի աջակցություն ստանալով, քողարկված հանդես գալ նաև Ռուսաստանի դեմ։

Այսպիսով Արևմուտքից եկած այս վերջին ազդակներից ևս երևաց, որ Երևանը Բրյուսելի և Վաշինգտոնի համար չի ներկայացնում ռազմավարական հետաքրքրություն։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի ասում են, ուզում եք Արևմուտքի հետ համագործակցության խորացում, կարգավորե՛ք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Քանի որ, Թուրքիան է այս տարածաշրջանում արևմտյան շահերը ներկայացնողը։ Ստացվում է, որ Երևանից դեպի զարգացած և քաղակիրթ Արևմուտք տանող ճանապարհը ընկած է Թուրքիայով, իսկ դա ունենալու է լուրջ հետևանքներ Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար։ Հայաստանը պետք է գիտակցի իր ազգային, պետական առաջնայնությունները և դիրքավորվի այնտեղ, որտեղ իրոք ռազմավարական նշանակություն ունի։

 

Աշոտ Բարեքյան