23 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկլավի վերածված Հայաստան․ մաս 1, Վերին Ոսկեպար (ֆոտոշարք)

Անկլավի վերածված Հայաստան․ մաս 1, Վերին Ոսկեպար (ֆոտոշարք)

Երբ վերջին հույսի կայարանդ մնացել են ուժայիններն ու մարդկանց ֆատալ վախերի վրա խաղալը, չես խուսափի բռնապետի խարանից, ինչքան էլ քեզ դիրքավորես, որպես ժողովրդավարության փարոս։ Լավ, դու մի կողմ, իսկ մարդիկ, ում համար դու պատասխանատու ես, տունը, որը պարտավոր ես պաշտպանել, դրանց տերն ո՞վ է։ Հռետորական ու օդում կախված հարցեր են, որոնք տարածվում են օդում կախված լուրերի նման, այն լուրերի, որոնցից սկսեցիր սկզբում մասնագիտական, հետո էլ քաղաքական կարիերադ։ Դա է քո անցյալը, որը ոչ մի կերպ չի բռնում ընդհանուրի անցյալի հետ, դրա համար էլ ներկան հավասարեցրիր անցյալիդ։ Երբ անցյալդ պարտավորեցնող չէ, ներկադ դառնում է բեռ, որից ամեն կերպ պիտի փորձես ձերբազատվել։ Ու եթե քո անձնական ներկայի հետ որևէ մեկը որևէ գործ չուներ, դու քեզնով արեցիր ընդհանուրի ներկան, որը կոչվում է հայրենիք։ Դրա ծանրությունը շատ էր, հիմա էլ կամաց-կամաց սկսում ես թոթափել, որպեսզի խեղճուկրակ գոյությունդ գոնե քո աչքերում ինչ որ կերպ իմաստ ունենա։

Սա մերն է, մյուսը մերը չի։ Իսկ թե ով է որոշում՝ ինչն է մերը, ինչը չէ, այդպես էլ մնաց անհայտ։ Ոսկեպարի գյուղամեջն է, որտեղ հիմա զրույցները հեչ էլ գյուղական չեն։ Գյուղացիները հիմա իրենց առօրյան չեն քննարկում, հիմա բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս են հետո ապրելու։ Իսկ հարցը օդից չի ընկել իրենց գլխին։ Կա մեկը, որին իրենք բերեցին, ընտրեցին ու հիմա ինքն էլ բոլորի փոխարեն որոշում է, ինչն է իրենցը, ինչը թշնամունը։  

Ու եթե ժամանակին կուրծք ծեծելով պաշտպանում էին նրան, հիմա փորձանքը 50 տարվա պես իրենց դռանն է չոքել։ Մոտ է այնքան, որ արդեն փախչելն էլ է անիմաստ, կամ պիտի հանձնվես, կամ կռվես։ Ընդ որում՝ անգամ վերջինն իրենք չեն որոշում, քանի որ կարող է պարզապես թույլ չտան կռվել։ Գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ մի կամուրջ կա, որը շուտով կարող է դառնալ սահմանային անցակետ։

 

Աղվան Ասոյան