Նիկոլ Փաշինյանն ընդդեմ պատմական Հայաստանի․ հայտարարության առանցքային կետերը
Մինչև 44-օրյա պատերազմը, մեծ հաշվով, Հայաստանում հանրային-քաղաքական կոնսենսուս կար, որ պատմական և իրական Հայաստանները ոչ միայն կարող են գործակցել, այլև կարող են ուժեղացնել մեկը մյուսին։ Այս ընկալումը հասկանալի, ընդունելի և նույնիսկ սիրելի է եղել նաև կառավարող մեծամասնության՝ անձամբ ինձ համար։
Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Միայն 2022թ․-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչմած տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում։
Իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման գործըթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացը։
Պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ։
Պատմական Հայաստանը, ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար․ այն երկրների մի խմբի հետ մեր հարատև թշնամանքի երաշխիք է, և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան։
Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար և գիտելիք չենք ունենա, և, հետևաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք։
Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք։
Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորտպոսի կարգավիճակում։
Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունը ապագայում։
Իսկ Տավուշում սահմանազատումը երաշխավո՞ւմ է արդյոք անվտանգություն՝ չի՛ երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում։