25 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Արցախի վրա ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը. Freedom House

Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Արցախի վրա ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել ռուս-ուկրաինական պատերազմի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջև՝ Արցախում կատարվածը որակավորելով «էթնիկ զտում»:

«Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորում է ընթանում։ Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի շարունակական փորձը և ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային նվաճումը ևս մեկ անգամ ցույց տվեցին ավտոկրատիայի էքսպանսիայի մահացու հետևանքները։ Վերջին տարիների այս և այլ իրադարձությունները արագացրել են աշխարհաքաղաքական վերադասավորումը տարածաշրջանում, որտեղ երկրները դասավորվել են երկու հակադիր բլոկներում: Ավտոկրատ պետությունները շարունակել են խորացնել իրենց բռնաճնշումները՝ միաժամանակ համագործակցելով միջազգային նորմերը խախտելու համար… Այս ռեժիմներն ակտիվորեն աջակցել են միմյանց պատժամիջոցներից խուսափելու, ներքին ընդդիմությանը ջախջախելու և ռազմական ագրեսիայի և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պատասխանատվությունը չեզոքացնելու հարցում: Իրականում նրանք ստեղծում են նոր տարածաշրջանային կարգ, որն ավելի լավ է համապատասխանում նրանց շահերին, և ժողովրդավարական երկրները դեռ պետք է համարժեք պատասխան տան», – ասվում է զեկույցի մեջ։

Հեղինակների կարծիքով՝ Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Արցախի վրա ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայի լքել իրենց տները։

Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարին Կրեմլի ներխուժումն Ուկրաինա ամենևին էլ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վարչակարգի վերջնական հարձակման հիմնական պատճառը չէր:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտորեն խոսում էթնիկ հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը ջնջելու իր մտադրության մասին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը բացեց նվաճման դուռ, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում խաղաղապահ պարտականություններից, և ժողովրդավարական աշխարհը նույնպես կլանված էր Կիևին աջակցելու իր ջանքերով: Բաքուն իր սեպտեմբերյան հարձակման հիմքը դրեց ամիսներ տևած շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Երբ սկսվեց ռազմական հարձակումը, տեղական պաշտպանական ուժերը համաձայնեցին վայր դնել զենքերը, և տեղական իշխանությունը լուծարվեց: Ռուսաստանի խաղաղապահները ոչ մի ջանք չեն գործադրել միջամտելու համար… Մինչդեռ ադրբեջանական զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` վերջին տարիներին բազմաթիվ բախումներից հետո գրավելով այդ երկրի տարածքի մի հատված», – ասվում է  զեկույցի մեջ:

Փորձագետների կարծիքով՝ Ալիևի հաղթանակները՝ քաղաքական և ռազմական, կարող են պարզապես բացել նրա ախորժակը։ Նրա երդմնակալության ելույթը ներառում էր հայկական հավելյալ տարածքի վերաբերյալ նոր պահանջներ։

«ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ վստահելի զսպող գործոնի բացակայության պայմաններում՝ Կովկասում ավելի ավտորիտար ագրեսիայի ակնհայտ ներուժ կա», – գրել են հեղինակները: