27 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ իր գիտելիքն ու ժամանակը պիտի տրամադրի հայրենիքին․ Աբրահամ Գասպարյանը՝ Բրյուսելի հայ ուսանողներին

Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ իր գիտելիքն ու ժամանակը պիտի տրամադրի հայրենիքին․ Աբրահամ Գասպարյանը՝ Բրյուսելի հայ ուսանողներին

Առաջին անգամ Բրյուսելի համալսարանում հյուրընկալվեց դասախոս Հայաստանից. քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը հանդիպում ունեցավ հայ ուսանողների հետ։

Այս հանդիպումով եզրափակվեց Աբրահամ Գասպարյանի՝ եվրոպական դասախոսությունների շարքը։

«Յուրաքանչյուր հայ սփյուռքում ունի պատասխանատվություն՝  բարոյապես ու ֆիզիկապես աջակցելու իր հայրենիքին՝ լինի գիտելիքի, խրախուսանքի, թե  ժամանակի տեսքով». այսպես Գասպարյանը ողջունեց հայրենակից երիտասարդներին, ապա ներկայացրեց Genesis Armenia ուղեղային կենտրոնն ու այն նախագծերը, որոնք իրականացրել է 44-օրյա պատերազմից հետո։

Արցախում բացված ադրբեջանագիտության կենտրոնից մինչև Երևանում հիմնված «Հացեկաց» արտադրամաս, հայոց պատմության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներից մինչև ռազմագիտության լսարանի հիմնում. Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց Genesis Armenia-ի անցած ճանապարհը՝ առանձնացնելով պետության առանցքային ոլորտների արդյունավետ զարգացման համար մշակված ռազմավարությունները։

Գասպարյանը խոսեց Արցախի մասին, ներկայացրեց աղետալի իրավիճակը Հայաստանում և առանց ինֆորմացիոն զտման, ահազանգ հնչեցրեց՝ այո՛, մենք հայրենիք ենք կորցնում։

Կա՞ արդյոք գործողությունների պլան և ինչպե՞ս կարող ենք մենք՝ հայ ուսանողներս, ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները մեր թիկունքին կանգնած չեն. բելգիահայ ուսանողներին ամենից շատ այս հարցի պատասխանն էր հետաքրքրում։

«Պետք է համակարգ ստեղծել, և դուք կարող եք ձեր մտավոր ներուժով դառնալ այդ համակարգի ճարտարապետության մասը»,-ասաց Գասպարյանը՝ կոչ անելով շաբաթական 1 ժամ հատկացնել Հայրենիքին. «Հայրենիք, որի անունը լսելիս աշխարհի որ կետում էլ լինենք, «թուլանում է մեր ոտքերը»։

Լսարանում էր նաև Գասպարյանի՝ դասախոսական գործունեության ընթացքում դեպի մասնագիտական կյանք ճանապարհված  2000-ից ավելի ուսանողներից մեկը, որին մտահոգում էր փաստը, որ ՀՀ-ից դուրս սովորող ուսանողները չեն կարողանում  միասնական թեզերով ձևավորված պատասխաններ տալ Արցախյան Հարցի, Հայոց ցեղասպանության և այլնի մասին։

Գասպարյանը տեղեկացրեց, որ Genesis Armenia-ն մշակել է այդ բովանդակությամբ գրքույկ, որի հրատարակությունը Արցախյան բռնազավթման թուրքական օպերացիայի պատճառով ուշացավ։ «Մեր պարտքը լինի րոպե առաջ դա հասցնել ձեզ»,-ասաց Գասպարյանը։

Քննարկման ավարտին որոշեցին մինչև հաջորդ այցը առցանց շարունակել հանդիպումները, ինչպես նաև փոդքասթեր պատրաստել հայ ուսանողների ներգրավմամբ։