19 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա․ ի՞նչ է կատարվում այս պահին

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա․ ի՞նչ է կատարվում այս պահին

Իրանն անօդաչու սարքերով և թևավոր հրթիռներով հարձակում է սկսել Իսրայելի վրա։

Հաստատելով տեղեկությունը՝ Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակը միաժամանակ հայտարարել է, որ երկրի որոշ հատվածներում խափանվել է GPS համակարգը։

Իրադարձությանը արագ արձագանքել է աշխարհը։

Սպիտակ տնից հայտարարել են, որ Ջո Բայդենն առաջիկա ժամերին կհրավիրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ պաշտպանության նախարարի, պետքարտուղարի, ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության քարտուղարի մասնակցությամբ։

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն օգնելու է Իսրայելին՝ պաշտպանվելու Իրանի սպառնալիքներից։

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան իրենց հերթին դատապարտել են Իրանի հարձակումները։

Հորդանանի քաղավիացիան էլ հայտնել է, որ Թագավորությունը, պայմանավորված տարածաշրջանում ստեղծված վիճակով, ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը բոլոր տեսակի թռիչքների, վայրէջքների, ինչպես նաև օդային տարածքը հատող օդանավերի համար։

Իրանի պաշտպանական ու անվտանգային կառույցների ղեկավարներն էլ հայտարարել են, որ «ցանկացած պետություն, որը հակաիրանական գործողությունների համար կբացի իր օդային և ցամաքային տարածքները, կարժանանա մեր վճռական պատասխանին»։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ բացահայտել է հակաիսրայելական գործողության 2 գլխավոր նպատակները։

Կորպուսը հայտարարել է, որ այն պատժիչ գործողություն է՝ ի պատասխան Իսրայելի՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, ինչպես նաև Պաղեստինի գրավյալ տարածքներում «սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանական գործողությունների»։

Իրավիճակի սրացմանը զուգահեռ, Լիբանանի հարավից «Հըզբոլլահ» խմբավորումը նույնպես հարվածներ է հասցրել Իսրայելին, որոնք անպատասխան չեն մնացել։