30 Մայ
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ական պատգամավորներ Սուքիասյանն ու Հակոբյանը 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս են գնել, 12 շենք կկառուցեն. Hetq.am

ՔՊ-ական պատգամավորներ Սուքիասյանն ու Հակոբյանը 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս են գնել, 12 շենք կկառուցեն. Hetq.am

Ծաղկաձորում շինարարական եռուզեռ է։ Զբոսաշրջային քաղաքի տարբեր հատվածներում վեր են խոյանում նոր շենքեր։ Կառուցապատողները, իրար հերթ չտալով, գովազդում են դեռևս շահագործման չհանձնված շենքերի բնակարանները։ Ծաղկաձորը բոլոր ժամանակներում է իշխանության ներկայացուցիչների համար գրավիչ եղել։ Այդպես է նաև այսօր։

Hetq.am-ին հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։

Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է։ Ծաղկաձորի սկզբնամասում՝ Պահլավունյաց 73 հասցեում գտնվող համայնքային 3․7 հա հողամասը 2023 թ.-ի հունիսին աճուրդային կարգով գնել է «Սատուրնավան» ՍՊԸ-ն։ Հողամասը վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 միլիոն դրամով։ Նույն տարվա նոյեմբերին ՍՊԸ-ն արդեն առանց աճուրդի՝ ուղիղ գնմամբ մոտ 18 միլիոն դրամով(17.8 մլն) համայնքից ձեռք է բերել ևս 1700 քմ հողամաս։ Հետագայում հողամասերը միավորել են, որի արդյունքում հողամասի ընդհանուր մակերեսը կազմել է 3.9 հեկտար։ Հողամասը ձեռք բերելու համար ընկերությունը համայնքային բյուջե է վճարել ընդհանուր 413 միլիոն դրամ։ Սեփականատեր դառնալուց հետո «Սատուրնավան» ՍՊԸ-ն հողամասը գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում։

«Սատուրնավան» ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը և պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը (50/50 բաժնեմասով)։ Ինչպես արդեն վերևում նշեցինք, Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող համայնքային 3.9 քմ հողամասը պատգամավորների հետ կապվող ընկերությունը գնել է 413 միլիոն դրամով։ Մեկ քառակուսին՝ 10 հազար դրամով։ Եթե այս գումարը Կենտրոնական բանկի սահմանած(2023 թ.-ի հունիս 13-ի) տարադրամի միջին փոխարժեքով վերածենք ԱՄՆ դոլարի, ապա կստացվի, որ 1 քմ հողամասը գնվել է 27 դոլարով։ Արդյո՞ք Ծաղկաձորում հողամասի շուկայական արժեքն այդքան է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ուսումնասիրել ենք Ծաղկաձորում վաճառվող 2 տասնյակ հողամասի վաճառքի հայտարարություն, առանձնացրել դրանց մակերեսներն ու արժեքները։ Պարզել ենք, որ Ծաղկաձորում վաճառվող հողամասերի 1 քմ-ի շուկայական արժեքը 97 ԱՄՆ դոլար է։ Եթե այս թիվը բազմապատկենք «Սատուրնավան» ՍՊԸ-ի գնած հողամասի մակերեսով, կստացվի 3 միլիոն 783 հազար դոլար։ Այսինքն՝ հողամասը գնվել է շուկայական արժեքից 2 միլիոն 717 հազար դոլարով պակաս։ «Սատուրնավան» ՍՊԸ-ն 3.9 հա մակերեսով հողամասի սեփականությունը գրանցելուց հետո դիմել է Ծաղկաձորի համայնքապետարան՝ կառուցապատման համար։ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը 2024 թ.-ի փետրվարին նախագծման թույլտվություն է տվել։ Այդ փաստաթղթում ուրվագծվում է ապագա թաղամասի ընդհանուր պատկերը։ «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում, բաղկացած մինչև 9 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկով 12 մասնաշենքերից, անհրաժեշտության դեպքում նախատեսել տեխնիկական մասնաշենքեր՝ մինչև 109 հազար քմ»,- նշված է նախագծման թույլտվության մեջ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ