Համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն․ Արա Այվազյան
Այն, ինչ կատարվում է այսօր, շատ լավ մշակված ռազմավարությունն է ՝ հայ ժողովրդին պարտադրելու հակառակորդի կամքը. այս մասին «Դիվանագետների համահայկական խորհրդի» մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է:
«Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա։
Ներկայումս արտաքին դերակատարներն են մեծամասամբ ձևավորում ու իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում Հայաստանի միջազգային վարքագծի ու ներքին օրակարգի վրա»,- ասել է Արա Այվազյանը և ավելացրել, որ առաջիկա օրերին «Դիվանագետների համահայկական խորհուրդը» կազմակերպելու է կլոր–սեղան քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը։
«Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքն ընտրովի է գործում, հասկանում ենք, որ յուրաքանչյուր դերակատար, որը շահագրգռված է այս տարածաշրջանում, հետապնդում է սեփական շահերը՝ շատ անգամ դրանք «փաթեթավորելով» գեղեցիկ հայտարարություններով: Նույնիսկ համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, հակառակը՝ մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ճանապարհ են բացում ապագա ագրեսիվ գործողությունների համար»,- նշել է Արա Այվազյանը:
Դիվանագետի խոսքով՝ ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց և Հայաստանը պետք է առաջնորդվի միմիայն իր շահերով։