Փաշինյանը փորձում է հայերին վաճառել սահմանազատման գործընթացը, գյուղացիները վհատված են ու վախեցած․ The Telegraph
The Telegraph պարբերականն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին՝ ներկայացնելով վերջին օրերին Տավուշում կատարված իրադարձությունները և բնակիչների մտահոգությունները սահմանազատման առնչությամբ: Ենթադրվում է, որ սահմանազատման գործընթացը, որը Փաշինյանը փորձում է վաճառել հայերին, պետք է հստակեցնի սահմանը։ Սակայն պարբերականի հետ զրուցած ՀՀ քաղաքացիները նշել են, որ իրենք իրենց նվաստացած են զգում և չեն հավատում, որ Ադրբեջանը կկատարի պայմանավորվածության իր բաժինը և կվերադարձնի գրավված հայկական տարածքները։
Պարբերականն ընդգծել է, որ անցած շաբաթվա ընթացքում Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել հողերի հանձնման դեմ բողոքող տասնյակ մարդկանց։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը ևս դեմ է սահմանի փոփոխմանը։ Նրա կերպարն ակնհայտորեն գրավել է վհատված գյուղացիներին, ովքեր, այնուամենայնիվ, հրաժարվել են իրենց անունները հայտնել «The Telegraph» –ին, քանի որ «զայրացած են և վախեցած»։
«Իմ տունը սահմանի մոտ է լինելու։ Ես չգիտեմ, թե ինչպես կարող են իմ երեխաներն այնտեղ ապրել, քանի որ գիտեն, որ իրենց հորեղբորը սպանել են ադրբեջանցիները 2020 թվականին պատերազմում»,- նշել է բնակիչներից մեկը։