Խորհրդանշական երթն առաջինն է, որտեղ առանցքային դերակատարում ունի հոգևորականությունը․ Коммерсант-ը՝ տավուշցիների բողոքի ակցիայի մասին
Տավուշի մարզից դեպի Երևան բողոքի երթի մասնակիցները դեմ են Ադրբեջանին տարածքների զիջմանը, իսկ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը գլխավորում է քայլարշավը։ Այս մասին գրել է Коммерсант-ը՝ նշելով, որ երթի մասնակիցներն ակնկալում են Երևան հասնել մայիսի 9-ին, ինչը խորհրդանշական է։
2018 թվականի մայիսին Հայաստանում իշխանությունը ստանձնեց երկրի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարզերից ոտքով մայրաքաղաք գալով։
Կիրանց և Ոսկեպար գյուղերի, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերի բնակիչները մտավախություն ունեն, որ սահմանազատման արդյունքում իրենց տները կհայտնվեն Ադրբեջանի տարածքում։ Ընդհանուր առմամբ՝ նրանք դեմ են նման զիջումներին։ Բողոքի ակցիայի հենց սկզբից ցուցարարներին ակտիվորեն աջակցել են հոգևորականները։ Բագրատ Գալստանյանը դարձել է հայ հոգևորականության ամենաակտիվ ու տեսանելի ներկայացուցիչը բողոքի ցույցերին։
Ըստ հոդվածի՝ նրան կարելի է անվանել Տավուշի բողոքի ցույցերի դեմքն ու ցուցարարների առաջնորդը, որոնք այժմ իրենց անվանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում։
«Ընդդիմությունը նույնպես չէր կարող չօգտվել ստեղծված իրավիճակից», – նշվել է հոդվածում և ընդգծվել, որ սա առաջին ցույցերն են, որտեղ առանցքային դերակատարում ունի հոգևորականությունը։