27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիմա գալիս են ժամանակներ, երբ մեր ձեռք բերած պետությունը մեզ Հայրենիք կվերադարձնի․․․

Հիմա գալիս են ժամանակներ, երբ մեր ձեռք բերած պետությունը մեզ Հայրենիք կվերադարձնի․․․

ABC media-ի տաղավարում հյուրընկալել ենք երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանին։ Երգիչն այս օրերին ծավալվող շարժման ակտիվ մասնակիցներից է։ Պայքարի առաջին օրից սկսած՝ Դավիթը գաղափարակից ընկերների հետ սատարում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Երգչի կարծիքով՝ սա Հայրենիքին իր արժեքները, նպատակները վերադարձնելու շարժում է, որը դատապարտված է հաջողության։

-Այս ժամանակները ինչպե՞ս կբնութագրեք․ Հայաստանի համար ի՞նչ ժամանակներ են հիմա։

– Այս պահին բավական լուսավոր, որովհետև նեգատիվի վերջը մոտ է, զգում եմ։ Թումանյանի «Չարի վերջը» հիշենք․ չարի վերջը մոտ է․․․ Քաղաքական վերլուծությունների տրամադրություն չունեմ, գիտեմ, որ դրան պարտադիր հետևելու են հայհոյախառը մեկնաբանությունները։ Բաներ կան, սակայն, որ չեմ կարող չասել․ 6 տարի առաջ ոչ ոք իրեն չէր կարող թույլ տալ զոհվածի ընտանիքի հանդեպ հայհոյախառը արտահայտություններ օգտագործել, 6 տարի առաջ ոչ ոք այլակարծության համար այլանդակ բառեր չէր գրում, 6 տարի առաջ, սակայն, չարի դաշտն ավելի «լիքը» դարձավ։ Մոտավորապես գիտեմ՝ ինչու այդպես եղավ․ ուղղակի նյութական արժեքը դարձավ նպատակ, իսկ մարդուն նյութը ավելի հեշտ է բերում բողոքի ակցիայի, քան որևէ ավելի կարևոր արժեք։ Երևի թե, այդ ոտնահարումից ժողովրդի գենետիկ զգացումը սկսեց արթնանալ և հիմա նյութական արժեքների դեմ կանգնած են մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Հայրենիքը և մի շարք կարևոր արժեքներ վտանգված են։ Երևի թե մարդկանց դա արթնացրեց։

-Ձեր վերջին հարցազրույցի ժամանակ ասացիք, որ այս անգամ ավելի քան վճռական եք։ Ձեր վճռականությունը ինչո՞վ է պայմանավորված։

-Պարզապես այս պահին ես հավատում եմ բարու վերադարձին, ես հավատում եմ չարի վերջին․․․ Չարի վերջը թող դաժան չպատկերացնեն չարի ծառաները, ոչ դաժանաբար պատժելու ենք, ոչ ասֆալտին ենք փռելու․․․

Սրբազանն այսօր ինձ համար բառացիորեն դարձել է հրամանատար։ Այդ մարդը նարեկացիագետ է, հոգևորական է, մի քանի համալսարան է ավարտել արտերկրում և Թումայանին երբեք Նար-Դոսի հետ չի խառնել ոմանց նման։ Բարձր ձայնով չի խոսում, որովհետև իր խոսացածն ինտելեկտ ունի․․․

-Չե՞ք կարծում, որ սա նաև մեր արժեքների վերադարձի համար ծավալված շարժում է։

-Տղայիս ցավը չեմ ուզում հիմա չարաշահել․․․Իհարկե, ամեն ինչ կտայի, որ տղաս լիներ, բայց հիմա Արցախի չլինելը ինձ տղայիս չլինելու չափ հուզում է․․․Տարածքն ընդամենը տարածք է, բայց այդ տարածքի հետ  ինչ-որ կարևոր բան ենք նաև տվել։ Ես հիմա այդ կարևոր բանի վերադարձն եմ զգում, երբ այդ հոգևոր արժեքը վերադառնա (պայմանականորեն հոգևոր արժեք դնենք անունը), տարածքը հետևից գալու է։ Տարածքը սիրում է, երբ իրեն սիրում են․․․Որ տեսնում է՝ լքված է, օրինակ՝ Նիկոլի ժամանակ խեղճ Արցախն ի՞նչ աներ, տեսնում էր, որ առաջնորդները թքած ունեն՝ դու կա՞ս, թե՞ չէ։ Այս վիճակը սերտորեն կապված է մշակութային անկման հետ, որը Խորհրդային միության փլուզումից հետո բոլորն ունեցան։ Գուցե և տիրոջ որոշումն էր, որ այսպիսի ապտակ ստացանք․ մշակութային նշաձողի իջեցումը բերեց նրան, որ ազատագրված տարածքները չկարողացանք ապահովել մարդկանցով, որոնց կարիքն իսկապես կար։

-Դավիթ, չե՞ք կարծում, որ այս պայքարը միայն ներհայկական ընդգրկում չունի, այն նաև միտված է թշնամուն և աշխարհին ցույց տալ, որ մենք համաձայն չենք այն կամայականությունների հետ, որոնք այսօր մեր երկրում տեղ ունեն։

-Նույնիսկ ամենավատ ժամանակներում այսպես բացահայտ թշնամու կողքին կանգնած իշխանություն չենք ունեցել։ Մեզ ասում են պատերազմ ե՞ք ուզում բերել, լսե՛ք ձեր օրոք են պատերազմներ լինում, հիշեք՝ քանի զոհ ենք տվել այս ընթացքում։ Ընդհակառակը՝ մենք գալիս ենք խաղաղություն վաստակելու, որովհետև խաղաղություն լինում է այն ժամանակ, երբ բանակն ուժեղ է․․․Ունեինք բանակ այն ժամանակ, երբ մեր բանակի առաջնորդը առաջնորդ էր․ Վազգեն Սարգսյանին հիշեք և սրանցից որևէ մեկին․․․

-Մենք բոլորս այս շարժման հետ միասին դեպի ո՞ր Հայաստան ենք գնում։ Գուցե հարցը մի փոքր պաթետիկ է հնչում, բայց ուզում եմ մեր վերջնանպատակը ձևակերպենք։

-Գնում ենք դեպի Հայրենիք Հայաստան, որ պետությունն ու Հայրենիքն ի վերջո նույնանան ․․․Հիմա գալիս են ժամանակներ, երբ մեր ձեռք բերած պետությունը մեզ Հայրենիք կվերադարձնի․․․Թող մեր աղոթքը դառնա Հայրենիք ու պետություն միացնելու սոսինձը։

 

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը