Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել․ ո՞վ է նա և ինչո՞վ է հայտնի
Իրանի նախագահի զոհվելուց հետո երկրի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Մուհամմադ Մոհբերը։ Նա, որպես Իրանի առաջին փոխնախագահ, Իրանի գերագույն առաջնորդի հավանությամբ, ստանձնելու է նախագահի լիազորություններն ու գործառույթները՝ ըստ երկրի սահմանադրության։ Ի՞նչ է հայտնի իրանցի քաղաքական գործչի մասին։
Մոհբերը ծնվել է Դեզֆուլ քաղաքում՝ 1955 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա եղել է իրանական Սինա բանկի խորհրդի նախագահը, իրանական Խուզեստան նահանգի փոխնահանգապետը։ Մագիստրոսական կոչումներ ունի միջազգային իրավունքի, ինչպես նաև կառավարման ոլորտներում։
Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ պաշտոնյան եղել է Իսլամական հեղափոխության պահապանների բժշկական կորպուսի սպա։
62-ամյա ղեկավարը, ինչպես Ռաիսին, համարվում է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը։ Մոհբերը նախկինում ղեկավարել է Setad ներդրումային հիմնադրամը, որը կապված է գերագույն առաջնորդի հետ։
Setad-ը, որի ամբողջական անունն է Setad Ejraiye Farmane Hazrate Emam, կամ Իմամի հրամանի կատարման շտաբը, ստեղծվել է Իսլամական Հանրապետության հիմնադիր, Խամենեիի նախորդ, այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով։
Որպես ժամանակավոր նախագահ՝ Մոհբերը երեք հոգուց բաղկացած խորհրդի մի մասն է՝ խորհրդարանի խոսնակի և դատական համակարգի ղեկավարի հետ միասին։ Հենց այս խորհուրդն էլ կազմակերպելու 50 օրվա ընթացքում Իրանում նոր նախագահական ընտրություններ է կազմակերպելու։