24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանցի պաշտոնյաների մահվան ֆոնին Թուրքիան շարունակում է գովազդել իր ԱԹՍ-ները

Իրանցի պաշտոնյաների մահվան ֆոնին Թուրքիան շարունակում է գովազդել իր ԱԹՍ-ները

Իրանի պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի կործանման ֆոնին Թուրքիանն առիթը չկորցրեց իր զինամթերքի՝ մասնավորապես անօդաչուների գովազդելու համար:

Թուրքիան, օգտվելով հնարավորությունից, հայտարարեց, որ Իրանի պաշտոնյաների մարմինները հայտնաբերվել են բացառապես իրենց աջակցության միջոցով ու իրենց անօդաչու սարքերով։ Նշենք, որ Իրանը օգնություն էր խնդրել Թուրքիայից, վերջինս այն տրամադրել էր, սակայն թուրքական մամուլն այդ օգնությունը մեկնաբանեց այլ կոնտեքստով՝ գովազդելով թուրքականը։

Միաժամանակ Թուրքիայում ակտիվացել են հակաիրանական ուժերը, որոնք, մեղմ ասած, հրճվում են հարևան Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան լուրից, մաղթում են, որ հաջորդ պատահարը լինի հենց իրենց երկրի ղեկավար Էրդողանի հետ։ Իսկ Թուրքիայում գործող մյուս թևը կարծում է, որ իրանցի պաշտոնյաների մահը ուղիղ կապ ունի Իսրայելի և Ադրբեջանի հետ, և որ այն ոչ թե դժբախտ պատահար էր, այլ մտածված սպանություն։ Թուրքիայի այս քաղաքականության, Իրանի պաշտոնյաների կործանված ուղղաթիռի, երկու երկրների զինտեխնիկայի և այլ թեմաների մասին զրուցել ենք թուրքագետ, արևելագետ Գևորգ Գալտակյանի հետ։

-Ինչո՞ւ է Թուրքիան Իրանին ցուցաբերած օգնությունը այսքան գովազդում, ի՞նչ նպատակով է իրականացվում իրենց նոր անօդաչուների գովազդը։

-ԱԹՍ-ների քարոզչությունը թուրքական մեդիադաշտի անբաժանելի մասն է դարձել 44-օրյա պատերազմից հետո: Ցավոք, հայկական մեդիատիրույթում էլ տարածվել է այն միֆը, թե Բայրաքթար TB-2 ԱԹՍ-ներն են եղել Արցախում ադրբեջանական բանակի հաջողության հիմնական պատճառը: Հստակ է, որ պետք չէ գերագնահատել դրանց դերակատարությունը, դա գործոններից մեկն է եղել: Նպատակն է ցույց տալ, որ անվտանգային հարցերը կարող են և լուծվում են Էրդողանի կառավարության կողմից և ծառայում են ազգային իղձերի իրականացմանը. հենց սա է պահում նրա իշխանությունը չնայած սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Ի՞նչ գիտենք թուրքական նոր անօդաչուների մասին, ասում են՝ իրականում թուրքական ԱԹՍ-ների մասին միֆեր են պտտվում, որ ուղղակի լավ գովազդ է արվում, իսկ իրականում դրանք այնքան էլ արդյունավետ չեն։

Բայրաքթար Աքընջը հարձակողական ԱԹՍ-ները, որոնք ի դեպ այս տարի գնվել են նաև Ադրբեջանի կողմից, Բայրաքթար TB-2 ԱԹՍ-ների մի շարք պարամետրերով կատարելագործված մոդելն են: Կցանկանամ որոշ տեխնիկական բնութագրիչներ ներկայացնել: Աքընջըն կարող է օդում մնալ 24 ժամ, թռիչքի բարձրությունը 12 կմ է, այն օժտված է Ասելֆիր-500 (ASELFIR-500) Էլեկտրո-օպտիկակական հայտնաբերման, հետախուզական և թիրախավորման համակարգերով, որը կարող է թիրախը հատնաբերել մինչև 35 կմ հեռավորության վրա, ունի գիշերային տեսանելիություն համակարգ և խոչընդոտի տեղորոշման ռադար, որը թույլ է տալիս ցածր տեսանելիության պայմաններում թռիչքներ կատարել: Օգտակար բեռի զանգվածը 1,5 տոննա է:

Ինչո՞ւ է Իրանի տեխնիկան Թուրքիան ստորադասում և կասկածի տակ դնում դրանց արդյունավետությունը:

-Ինչպես նշված է Թուրքիայի ՊՆ հայտարարությունում (Իրանի պետական մարմինների կողմից Թուրքիայի ԱԳՆ-ի միջոցով իրականացրած հայցի հիման վրա Իրանի նախագահի և իր պատվիրակության՝ վթարի արդյունքում կործանված ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար ուղարկվել է մեկ Աքընջը (Akıncı) ԱԹՍ և մեկ գիշերային տեսանելիության կարողությամբ Քուըգը (Cougar) տեսակի ուղղաթիռ) Իրանը օգնություն է խնդրել հատկապես ցածր տեսանելիության պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, տվյալ պարագայում իրանական ռազմարդյունաբերությունը, փաստորեն, չի կարողացել լուծել իր առջև ծառացած այս մարտահրավերը, սա կարծում եմ արդեն Իրանի՝ տեխնոլոգիական առումով, իրոք, որոշ բացթողումների մասին է խոսում, որը հիմնականում պայմանավորված է տարատեսակ տեխնոլոգիական սանկցիաներով, որ դրված է Իրանի Իսլամական Հանրապետության վրա. չէ՞ որ այդքան գովազդված թուրքական ԱԹՍ-ների բազմաթիվ բաղադրամասեր բնավ էլ թուրքական արտադրության չեն:

-Խոսենք Իրանի ուղղաթիռի մասին, ինչպե՞ս կարող է երկրի պաշտոնյաներ տեղափոխող փոխադրամիջոցը վթարվել:

-Իհարկե, չի կարելի ընդհանրապես բացառել դավադրապաշտական տեսությունները. Իրանը և նրա ղեկավարությունը, բնականաբար, աշխարհում ունեն բազմաթիվ ուժեղ թշնամիներ, բայց, նաև հաշվի առնելով եղանակային պայմանները, մարդկային գործոնը և տեխնոլոգիական առումով Իրանի զարգացման բացթողումները՝ ամենահավանական տարբերակը հենց վթարի հետևանքով ուղղաթիռի կործանումն է:

-Վերջում խոսենք Թուրքիայի մասին, Իրանի դժբախտության հաշվին գովազդում է իր արտադրության զենքերը, արդյոք, սա կարո՞ղ է ազդել Իրան-Թուրքիա հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում մի զանգված կա, որը դեմ է Իրանի հետ լավ հարաբերություններին և, մեղմ ասած, հրճվել է Իրանի պաշտոնյաների զոհվելու լուրից։

-Թուրքիան և Իրանը դարավոր մրցակիցներ են, եթե չասենք հակառակորդներ կամ թշնամիներ: Միևնույն ժամանակ, առկա աշխարհակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ որոշ հարցերում համագործակցություն կա անգամ ոխերիմ թշանամիների միջև: Թուրքիան ունի իր օրակարգը և այդ օրակարգի համար օրնիբուն աշխատում է: Կարծում եմ հենց հստակ օրակարգի և դրա համար անձնվեր ու ոչինչ չխնայող մոտեցման պակասն է նաև մերօրյա Հայաստանի խնդիրներից կարևորագույնը:
Վերջում, իհարկե, ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին, վստահ եմ քննության արդյունքում հստակ հետևություններ կարվեն: