Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու համար ՆԳ նախարարի փոխարեն այլ պաշտոնյա էր դուրս եկել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն է դուրս եկել հանդիպելու նախարարի հետ հանդիպում պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ բոլոր օրինախախտ ոստիկանները պատժվել ու պատժվելու են և հորդորել է չթիրախավորել ոստիկաններին։ Սրան ի պատասխան, Սրբազանն ասել է.
«Շատ եմ խնդրում, մեզ չասեք, որ ոստիկաններին թիրախավորում ենք, տղաներն էլ կվկայեն, որ մենք միշտ մոտենում ենք, բարի ծառայություն ենք մաղթում, շնորհակալություն ենք հայտնում։ Իրենք էլ կվկայեն՝ մանավանդ առաջին շարքի տղաները, որ մենք չենք թիրախավորել, բայց իրենք չեն գործում, իրենց հրաման տվող կա, կարո՞ղ է ինքնագործունեությամբ են զբաղվում»,-ասել է Սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այս պնդմանը հակադարձել է վարչության պետը՝ նշելով, որ ոստիկանները պահպանում են ներքին կարգը։
«Եթե հասարակական կարգի պահպանման ժամանակ հակաօրինական արարք են կատարում՝ դրա շրջանակում կատարվում է ծառայողական հետաքննություն»,-ասել է Մարտիրոսյանը։
Ի հակադրում՝ ակցիայի մասնակիցների և լրագրողների հարցերին, թե 30 հոգով մեկ մարդու ծեծելու, Վեհափառ Հորը Սարդարապատ մուտք գործել թույլ չտալու գործողությունները համարվու՞մ են հասարակական կարգի պահպանում, Մարտիրոսյանը պատասխանել է, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, այդ հարցով պետք է գրավոր դիմել ՆԳՆ։