Իշխանությունը տեղեկացված է եղել՝ որ ժամին է Վեհափառն այցելելու Սարդարապատ․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սարդարապատ հուշահամալիր այցի մասին իշխանությունը տեղեկացված է եղել նախապես։ ABC media-ի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Մեր արարողակարգային բաժնի պատասխանատուն իրենց արարողակարգի հետ ճշտել է ժամերը, տեղեկացել է, որ առավոտյան ժամի է լինելու իշխանության այցելությունը։ Տեղեկացրել ենք, որ Վեհափառ հայրն էլ կայցելի պատարագից հետո՝ ժամը 14։00-ին»,-ասել է տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՆԳՆ-ից պարզաբանեցին, թե Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր արգելվել է, քանի որ վերջինիս անունը չկար հյուրերի ցուցակում։
Նիկոլ Փաշինյանն էլ էր նույնը հայտարարել։ Նա պնդել էր, որ Վեհափառը հրավեր չի ունեցել, իսկ իրենք տեղյակ չեն եղել, որ վերջինս հրավերի ակնկալիք ունի։
«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակով»,-ասել էր Փաշինյանը։