26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին իբրև՝ ցուցարար. փաստաբան

Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին իբրև՝ ցուցարար. փաստաբան

Հետայսու կամ ես կամ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին․այս մասին գրել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների:

Այնուամենայնիվ ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ իբրև թե ցուցարար:

Այս պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հենց նրանք են այն սադրիչները, որոնք շշեր կամ այլ առարկաներ նետելով սկսում են խժդժություններ` ոստիկանության համազգեստավոր ծառայողների համար զանգբածային ձերբակալություններ սկսելու առիթ տալու համար:

Հետայսու կամ ես կամ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին (որոնք էլ ինձ շատ լավ գիտեն):

Ավելացնեմ նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի ժամանակ պետք է լինի ոչ թե նորմ, այլ` բացառություն: Բուն ուժի կիրառման ժամանակ գործում է հավաքի մասնակիցների բազմազանության սկզբունքը և ուժի հասցեատերը չի կարող լինել խաղաղ ցուցարարը: Ավելին` մեկ երկու շիշ նետելու փաստն ինքնին հիմք չէ զանգվածային ձերբակալությունների համար:

Ոստիկաննե´ր մի ալարեք ու կարդացեք «խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանների գործունեության վերաբերյալ» ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ձեռնարկը։

Ինչ վերաբերվում է կարմիր բերետավորների կողմից ցուցարարներին ծեծելու դեպքերին, ապա դա հանցագործություն է, որի համարժեք արձագանքը ոչ թե ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելն է, այլ` քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելն ու դատախազության կողմից հանրայինք քրեական հետապնդում հարուցելը: Տվյալ դեպքում, այս շարժման շրջանակներում դեռևս որևէ ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել: Ի հակառակ սրան` ձերբակալվում են օբյեկտիվ ապացույցներով անմեղ անձինք:

Ոստիկանության ու քննչական կոմիտեի այս փոխլրացնող ապօրինի գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ կատարվողը քաղաքական իշխանությունների ուղիղ ցուցման արդյունք են»,- գրել է Հարությունյանը։