Հայաստանի հեռացումը և Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում․ միջազգային մամուլի ամփոփում
Անխոհեմ է Ադրբեջանին ընկալել որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից Անդրկովկասում՝ Թուրքիայի հետ սերտ համագործակցության պատճառով, գրել է Царьград-ը։
Ըստ փորձագետ Ալեքսանդր Բուրենկովի՝ Անկարան ՆԱՏՕ–ի ներկայացուցիչն է Անդրկովկասում, որը վատ կերպով թաքցնում է իր ռուսաֆոբիան։ Քաղաքական դիտորդ Վլադիմիր Խոմյակովը կարծում է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, և ՆԱՏՕ–ն արդեն ՌԴ–ի հարավային սահմաններում է։
«Ռուսաստանում ադրբեջանամետ լոբբիի ազդեցության տակ Հայաստանի նկատմամբ արհամարհանքը հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք պաշտպանության առումով կարևոր ռազմավարական կետ», – նշել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ ՌԴ–ն պետք է փորձեր թույլ չտալ, որ Փաշինյանը գա իշխանության, Մոսկվան կորցրել է իր հարավային ֆորպոստը՝ Արցախը, ուստի այժմ կարևոր է Իրանի հետ հնարավորինս սերտ հարաբերություններ հաստատել։
Foreign Affairs-ն, այս առումով, գրել է, որ, որոշելով զորքերը դուրս բերել ԼՂ–ից՝ Կրեմլը ընդունում է, որ Հարավային Կովկասի տնտեսական անվտանգությունն, առնվազն առայժմ, ավելի կարևոր է:
Ռուսաստանին խիստ անհրաժեշտ են գործընկերներ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։ Տվյալ պարագայում՝ առաջնային է Իրանի հետ ցամաքային ուղիների վերակառուցումը։ Ամենագրավիչ երթուղին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, որն անցնում է ՀՀ տարածքով։
Այսպիսով, միջանցքի բացումը ՌԴ վերահսկողության ներքո կարող է լինել Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածության հիման վրա՝ ՌԴ ուժերն Արցախից դուրս բերելու դիմաց։ «Եթե նման ծրագիր իրականացվի, դա կնշանակի Հայաստանի հարավային սահմանի ադրբեջանա–ռուսական համակարգված զավթում, ինչը մղձավանջ է և՛ Հայաստանի, և՛ Արևմուտքի համար։ Հայերը կկորցնեին վերահսկողությունը ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող սահմանամերձ շրջանի նկատմամբ։ Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները կտեսնեն, որ Ռուսաստանը մեծ քայլ առաջ կկատարի Իրանի հետ բաղձալի ցամաքային ճանապարհային և երկաթուղային կապ ստեղծելու ուղղությամբ: Ավելին, Հայաստանը միայնակ չի կարող կանխել Ռուսաստանի և Ադրբեջանի նման գործարքը», – գրել է Foreign Affairs-ը՝ շեշտելով, որ եթե Ռուսաստանն ավելի թույլ է թվում տարածաշրջանում, ապա Արևմուտքն ավելի ուժեղ չի թվում: