ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այս քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, իսկ Ռուսաստանին ուղղված հայտարարություններըն ու Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը՝ անընդունելի։
«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կուսակիցն է, ուստի նրա արձագանքը միանգամայն հասկանալի է։ Զախարովան նաև ցավալի է համարել, որ Հայաստանի իշխանությունները համահունչ են նման հայտարարություններին։
Հունիսի 2-ին հայկական պատվիրակության այցի մասին հայտնել է ուկրաինական AnalitikaUA գործակալությունը՝ հղում անելով Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը։ Տեր-Մարգարյանը, իբր, քննարկել է «Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք թաղամասի համագործակցությունը» և հայտարարել, որ «Երևանը միշտ աջակցելու է ռուսական ագրեսիայից տուժածներին»։
Ավելի վաղ Զախարովան հույս էր հայտնել, որ պաշտոնական Երևանը Մոսկվային կհանձնի Բուչայում սպանվածների՝ Կիևից ստացած ցուցակը։
Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը Բուչա չի մեկնել։ Նա նաև նշել է, որ չի կարող հավելյալ մեկնաբանություններ տալ այս թեմայով։