«Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել», ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից․ Գալուզին
Արևմուտքը լուրջ ճնշում է գործադրում Անդրկովկասի երկրների` մասնավորապես Հայաստանի վրա, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը, Известия-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ռուս–հայկական հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, և, ցավոք, ես պետք է համաձայնեմ նրա հետ։ Ինքը՝ Երևանը, ցավոք սրտի, անհիմն քննադատում է Ռուսաստանին ու ՀԱՊԿ–ին։ Այստեղ տեսնում եմ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի սադրիչ քաղաքականության հետևանքը։ Նրանք ամբողջ ուժով փորձում են Երևանը ներքաշել Ռուսաստանի հետ դաշինքային հարաբերությունների առճակատման արևմտյան սխեմաների մեջ՝ ընդհանրապես չմտածելով բուն Հայաստանի անվտանգության և հայ ժողովրդի շահերի մասին», – նշել է պաշտոնյան։ շ
Նրա խոսքով՝ Արևմուտքն օգտագործում է իր ֆինանսական և տնտեսական ներուժը՝ պարտադրելու իր հակառուսական մոտեցումները՝ կապված Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու անիրատեսական ցանկության հետ։ Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը Հայաստանին դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից, որպես իր շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան, թե՛ երկկողմ պայմանագրերով։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ աշխատանքը ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ ներդրողն է, իսկ ռուսական կապիտալով ձեռնարկությունները՝ հանրապետության բյուջեի հիմնական հարկատուները։ Այսօր Հայաստանի ՀՆԱ–ի աճը մեծ մասամբ պայմանավորված է ԵԱՏՄ տարածքում դրական սերտ տնտեսական կապերով։
«Մենք ամեն ինչին լուրջ ենք վերաբերվում, մենք լուրջ մարդիկ ենք, բայց ակնկալում ենք, որ Հայաստանում կգերակայի Ռուսաստանի եզակի, նրա համար անվիճելի դերի ըմբռնումը։ Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր առանձին–առանձին, ոչ էլ Արևմուտքն ամբողջությամբ։ Նաև հուսով ենք, որ կհաղթանակի այն ըմբռնումը, որ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկյա սարերի խոստումներ, հպատակեցում, հետո ոչինչ՝ թողնելով երկիրը և նրա ղեկավարությանը բախտի ողորմությանը», – ամփոփել է Գալուզինը: