25 Նոյ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանների կողմից ոչ իրավաչափ գործողություն էր․ պատգամավորը՝ իր մուտքն ԱԺ խոչընդոտելու մասին

Ոստիկանների կողմից ոչ իրավաչափ գործողություն էր․ պատգամավորը՝ իր մուտքն ԱԺ խոչընդոտելու մասին

Ոստիկանների հերթական ոչ իրավաչափ գործունեությունն էր, չկարողանալով հղում տալ ոչ մի իրավական նորմի, պարզապես ապօրինի խոչընդոտեցին մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանը, ում մուտքը Ազգային ժողով խոչընդոտել էին։

«Պարզապես ապօրինի հրաման են ստացել և փորձում են հասարակական կարգի ապահովման քողի տակ ապօրինի խոչընդոտել մեր մուտքը»,-ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ոստիկանները պարտավոր են ապահովել պատգամավորների տեղաշարժը, սակայն ոստիկանությունն ապօրինի գործունեություն է իրականացնում։

Դիտարկմանը, որ իրենց խորհուրդ են տվել այլ մուտքով մտնել, պատգամավորն արձագանքել է։ «Իրենք չեն որոշում՝ որ մուտքով պետք է գնամ։ Երկու տարի է՝ ԱԺ պատգամավոր եմ, և մուտքն այս կողմից է եղել, ի՞նչն է փոխվել, որ ոստիկանը պիտի պատգամավորին ցուցում տա՝ ինչպես շարժվել, առավել ևս, որ որպես խորհրդարանական կառավարման երկիր մենք ենք վերահսկում իրենց, ոչ թե իրենք են ցուցում տալիս»։

Խոսելով ոստիկանական կողմից այլ խախտումների մասին, պատգամավորը նշել է․ «Օպեր լիազորները, քրեական ոստիկանության աշխատակիցները, որոնք չունեն հասարակական կարգը պահպանելու գործառույթ, քանի որ այն  պետք է պահպանվի համազգեստով, տարբերանշանով մարդկանց կողմից, ոստիկանության օպեր լիազորներ, բերել լցրել են ժողովրդի մեջ։ Չճանաչելով մեկմեկու՝ փորձում են սադրանքներ իրականացնել, և չեն կարողանում դրա արդարացումն ու օրենքի կարգավորումը գտնել»,-ասել է պատգամավորը։