Այլ պետություն 1 քմ տարածքի համար պատերազմում են, մենք անգամ ջրամբարն ենք թշնամուն թողնում․ Գոհար Մելոյան
Եթե այս իշխանությունը պնդում է, թե ականջալուր է ժողովրդի ձայնին և իր իշխանության մնալու հիմնավոր փաստարկը ժողովրդի ձայնն է հանդիսանում, ապա արդեն հեռացած պիտի լինեին․ ABCmedia–ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Այս իշխանության պաշտոնատար անձն ասում էր՝ եթե 2000-ից ավելի մարդ հավաքվի դրսում, ապա ձեռքս կկտրեմ, եթե հրապարակ լցվի, մենք հրաժարական կտանք։ Ինչպես տեսնում ենք՝ ոչ ձեռք է կտրվել, ոչ էլ հրաժարական կա»․–ասել է Մելոյանը։
Ըստ մասնագետի ՝զավեշտն այն է, որ Սահմանադրությանը հղում են անում այն իշխանության անդամները, ովքեր մեր Սահմանադրության բոլոր գլխավոր դրույթները ոտնահարել են։
«Դիցուք, այսօր սահմանազատման աշխատանքներ են տեղի ունենում, որն էլ հիմք հանդիսացավ այս շարժման համար։ Արցախի մասին էլ չենք խոսում, եկել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության զիջման փուլը։ Հարգելի՛ հայրենակից, դու պիտի հասկանաս, անգամ դու եթե այս շարժմանը չես աջակցում, ապա պետք է գիտակցես, որ սահմանազատման գործընթացը ապօրինի է նրանով, որ մի հատ միջազգային ակտ միջազգային պայմանագրի տեսքով, դրված չէ այս պրոցեսում։ Այլ պետությունները մեկ քմ տարածքի համար սկսում են պատերազմել, իսկ մենք անգամ ջրամբարն ենք թողել թշնամուն»,-նշել է Մելոյանը։
Նա հիշեցրել է, որ կա ստորագրված փաստաթուղթ, ըստ որի՝ հայկական գյուղերը Փաշինյանը ճանաչել է թշնամու տարածք, Նիկոլ Փաշինյանը դա չի հերքել։ Մասնագետի խոսքով՝ սա լրջագույն ական է, որ կարող է պետության իշխող ուժն ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ նետեն իրենց ժողովրդի մեջ, հիմնավորելով, որ սրանք մեր տարածքները չեն, ուստի վերադարձնում ենք։ «Իրականում սրանք հայկական տարածքներ են, մենք ունենք օրենք, որտեղ այս տարածքները հստակ նշված են որպես ՀՀ տարածքի մասին, իսկ մեր սահմանադիրը նման իրավիճակները կանխելու համար հստակ սահմանել է, որ ՀՀ տարածքային փոփոխությունների հարցը կարող է փոխվել միայն հանրաքվեով»,-ասել է սահմանադրագետը։