Ձերբակալություններ, ձայնային նռնակներ, ծեծկռտուք. բողոքի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել Երևանում․ ռուսական մամուլ
Ռուսական մամուլն անդրադարձել է ՀՀ–ում բողոքի ակցիայի, ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների, ձերբակալությունների մասին։ Մասնավորապես նշվել է, որ բախումների հետևանքով քաղաքացիներ են տեղափոխվել շտապօգնության մեքենաներով, ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ, պարբերաբար թարմացվել են ձերբակալվածների մասին տեղեկությունները:
Մասնավորապես, ռուսական Առաջին հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել, որտեղ նշվել է, որ իրավիճակը Երևանում սրվել է։ Ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ։
Երկուշաբթի օրվանից խորհրդարանի շենքի մոտ վրանային քաղաք է։ Փաշինյանի հակառակորդներն իրենց առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, իշխանափոխության են ձգտում։ Նրանք դժգոհ են Ադրբեջանի հետ սահմանի հարցում իշխանությունների դիրքորոշումից։
News.ru-ն գրել է, Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմացի իրավիճակը ծայրաստիճան սրվել է։ Ցուցարարները բախվել են ոստիկանական շղթաներին, մինչդեռ պատգամավորները կռվում են խորհրդարանում։ «Ինչպե՞ս կզարգանա առճակատումը Երևանում, արդյոք Հայաստանում հեղափոխությունը սկսվե՞լ է», – հարցադրում է արել կայքը։
Kommersant․ru–ն գրել է, որ հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է վիրավոր տղամարդը նստած շտապօգնության մեքենայում։ Ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում վնասվել են նրա ձեռքը և մատները։ Նույն տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապ օգնության բժիշկը հեռախոսով խոսում և խնդրում բժիշկների լրացուցիչ թիմ: