26 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններով Փաշինյանը ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք, քանի որ կանխատեսում է իր «վարչապետության ավարտը»․ ռուս պաշտոնյաների անդրադարձը

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններով Փաշինյանը ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք, քանի որ կանխատեսում է իր «վարչապետության ավարտը»․ ռուս պաշտոնյաների անդրադարձը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը ՀԱՊԿից դուրս գալու որոշման վերաբերյալ։

«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի, մենք՝ որպես ՀԱՊԿում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենը օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի։ Ինչը շատ ողբալի է Հայաստանի՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի համար»,- ասել է Կարասինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿից, վկայում են Արևմուտքի հանդեպ նրա հավատարմության մասին․ NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ Նրա խոսքով՝ Փաշինյանը կասկածում է, որ ապագայում կկարողանա մնալ պետության ղեկավարի պաշտոնում։

«Սա Փաշինյանի՝ կշտամբանքներով առաջին հայտարարությունը չէ Ռուսաստանի հասցեին։ Նա ավելի վաղ խոսել էր ՀԱՊԿից Հայաստանի դուրս գալու մասին, սակայն հետո հարցազրույցներում հայտարարել էր, թե իրեն սխալ են հասկացել։ Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն անձամբ շարժվում է դեպի Եվրոպա։ Նա որոշակի պարտավորություններ է ստանձնել Մակրոնի առաջ Ֆրանսիա կատարած այցի և բանակցությունների մասնակցելու ժամանակ։ Սա խոսում է այն մասին, որ վարչապետն այսօր չի տեսնում իր ապագան որպես երկրի ղեկավար»,- նշել է Վոդոլացկին։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր «վարչապետությունն ավարտվում է», քանի որ երկրի քաղաքացիները գնալով ավելի են վրդովվում ղեկավարության գործողություններից և դիրքերի զիջումից։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը սկսում է կորցնել իր ինքնիշխանությունը, համոզված է պատգամավորը։ «Սա շատ վտանգավոր է ցանկացած պետության համար։ Երկրում անընդհատ հանրահավաքներ են, մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Եվ նա հասկանում է, որ հատուկ ծառայությունների և ոստիկանության շնորհիվ, հավանաբար, չի կարողանա երկար պահել իշխանությունը։ Ուստի, նման հայտարարություններով նա իր համար ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք»,- նշել է Վոդոլացկին։

Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից, ապա Գյումրու ռազմաբազան, հավանաբար, կմնա ռուսհայկական պայմանագրերով, URA.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։ Սակայն, ըստ նրա, Երևանը կարող է պահանջել Մոսկվայից դուրս բերել իր զորքերը երկրից։
Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ եթե Ռուսաստանը Հայաստանից հեռանալու պահանջ ստանա, դա բնականաբար կազդի երկրների հարաբերությունների վրա։ «Ինչքանո՞վ է Երևանը պատրաստ դրան, և ի՞նչ կտա դա, ըստ երևույթին իրենք ինքնուրույն կգան որոշակի հետևությունների։ Չեմ բացառում, որ այստեղ ավելի զգուշավոր դիրքորոշում լինի»,- նշել է Լուկյանովը։