Փաշինյանը «օձի պես պտտվում է» Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև, ինչը սպառնում է պետության գոյությանը․ ռուս պաշտոնյաներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով պետությունը կարող է դադարել գոյություն ունենալ, կարծում է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ NEWS.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը ենթադրել է, որ հենց դրան է ձգտում Արևմուտքը։ Ըստ նրա՝ միայն դրանով կարելի է բացատրել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկությունը։ Ժուրավլևի խոսքով՝ Ռուսաստանը վստահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչի վկայությունն է միջուկային զենքի փոխանցումը։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, Փաշինյանը «օձի պես պտտվում է» Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև։ «Հայաստանում այժմ իշխանության ղեկին մարդ է, ով գործում է իր ազգային շահերին հակառակ»,- հավելել է Ժուրավլևը։
Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչևը համարում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն արտահայտում ժողովրդի դիրքորոշումը։ «Ամեն անգամ, երբ նա հայտարարությամբ է հանդես գալիս, ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նա դեռ կարողանում պահպանել իր պաշտոնը»,- նշել է պատգամավորը։ Ըստ նրա՝ նման խոսքերն ու գործողությունները թանկ արժեն այն պետությունների համար, որոնք հավատում են ԱՄՆ-ի և Եվրամիության խոստումներին։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի և ՀԱՊԿ-ի մասին հայտարարություններն արել է հույզերից ելնելով։ «Հուսով եմ՝ Հայաստանի ղեկավարությունը խելամտություն կցուցաբերի և չի խզի Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի միջև տասնամյակներ շարունակվող հարաբերությունները։ Սա օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին: Մենք հանգիստ կարձագանքենք։ Հուսով եմ, որ այս ամենն ասվել է զգացմունքների վրա, իսկ էմոցիաները վատ խորհրդատուներ են»,- եզրափակել է սենատորը: