23 Սեպ
2024
24° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաղրամյան պողոտայում խոշտանգվածներին թիրախավորված են ընտրել

Բաղրամյան պողոտայում խոշտանգվածներին թիրախավորված են ընտրել

Ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման առաջին օրերից ներգրավված է պայքարի մեջ։ Երաժիշտը վստահ է ժամանակներն ու մարտահրավերներն այնպիսին են, որ անտարբեր լինելը կամ շարժմանը հեռավար մասնակցելը հավասարազոր է իշխանական ճամբարին սատարելուն։ Երաժշտին վրդովվեցնում է այն արշավը, ապատեղեկատվությունը, որը ծավալվել է շարժման և դրա ղեկավարության դեմ։ Նրա կարծիքով վերջին օրերին բիրտ ուժի կիրառումը նպատակ ունի ոչ միայն սադրել, այլև վախեցնել և կոտրել պայքարողների կամքը։

-Պարոն Հյուսնունց հունիսի 12-ին դուք Բաղրամյան պողոտայում էիք, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց, ինչի՞ց սկսվեցին այդ գործողությունները և ի՞նչը իրավիճակի այդ աստիճանի սրման պատճառ հանդիսացավ։

Ամեն ինչ սկսվեց սանդրիչներից, որոնք իբր շիշ շպրտեցին, որից հետո ոստիկաններն էլ սկսեցին բիրտ ուժ կիրառել։ Սրբազանը քանիցս հայտարարել է, որ այն անձինք ովքեր կսկսեն սադրել և անկայունություն ստեղծել շարժման հետ կապ չունեն։ Կարծես սպասելիս լինեին ստարտի, որից անմիջապես հետո սկսվեց բիրտ ուժի կիրառումը։ Երեկ, տեսաք բանը հասավ արդեն նռնակներին, էլ չեմ ասում վայրագությունները։ Ոստիկանական գորժառույթի լիրառումն էլ չափ ու սահման ունի։ Մի քանի հոգով ծեծի ենթարկել, խոշտանգել մարդկանց, ընդ որում արժանապատիվ մարդկանց, հարգարժան մարդկանց, անթույլատրելի է, և կարծում եմ այդ մարդկանց թիրախավորված են ընտրել։ Նաև վարկած կա որ, ոստիկանական խմբերում կան հանցագործ խմբեր ներդրված։

-Ինչի՞ համար է դա արվում՝ վախեցնելու՞, թե՞ իրենք են վախենում, որ գնալով կարող է ցուցարարների շարքերը ստվարանան և շարժումը իրենց համար ավելի վտանգավոր դառնա։

Կարծում եմ առաջին հերթին վախեցնելու նպատակ ունեն, հետո նաև սադրելու, որպեսզի հանգեցնեն ավելի մեծ բախումների, որն էլ հնարավորություն կընձեռի հետո ուրիշ ձևակերպում տալ շարժմանը՝ նրա ղեկավարներին։

-Դուք ինչպե՞ս միացաք շարժմանը։ Ինչը Ձեզ վստահություն ներշնչեց, կամ դրդեց միանալ այս բողոքի ալիքին։

Արդեն 4 տարի է մեր ողբերգական պարտությունից հետո տեղս չէի գտնում, անհաշտ էի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի էին ունենում մեր Հայրենիքում, իսկ Արցախի  հանձնումից հետո հիասթափությունս ավելի խորացավ՝ մանավանդ երբ տեսնում էի հայրենակիցներիս անտարբերությունը։ Այնպիսի տպավորություն էր կարծես ոչինչ չի պատահել։ Այդ մտահոգությունը միշտ կար, բայց անկեղծ ասած արձագանքեցի հենց սրբազանի կոչին՝ ում ճանաչում եմ 10 տարուց ավել և ավելի հարգարժան, ակնածանքի արժանի անձնավորություն ինձ համար չեմ պատկերացնում։

-Ինչպես նշեցիք շարժմանը հենց սկզբից եք միացել և անցել եք ամբողջ ընթացքը, ի՞նչ նկատառումներ ունեք․ որտեղի՞ց սկսվեց և ու՞ր է գնում այս ամենը։ Ուզում եմ դա ներկայացնեք հատկապես կասկածողներին, որոնք դեռ վարանում են միանալ շարժմանը։

Ինչպես Սրբազանն է նշում սա վերկուսակցական, քաղաքակրթական շարժում է և ես դա տեսնում եմ ներսից՝ անմիջական մասնակիցը լինելով։ Այս շարժումը բաց է բոլորի համար, և փնտրել այդտեղ ականջներ, կամ ստորջրյա խութեր իմաստ չունի։ Սկսվեց այս շարժումը միակողմանի զիջումների դեմ հանդես գալուց, իսկ այժմ նպատակը հստակ է՝ իշխանափոխություն։ Այսօր իրավիճակը այսպիսին է, կամ այս շարժման աջակից ես կամ հակառակը ճամբարում, կամ էլ քո կրավորական դիրքով պաշտպանում ես գործող իշխանության շահերը։ Միջանկյալ, անտարբեր այսպես ասած կասկածող հատվածը իր ընտրությունը անում է իվերջո  ընտրում է փաշինյանական ճամբարը։ Կան նաև ֆեսբուքում ստատուս գրող համակիրներ, ովքեր շատ ավելի օգուտ կտային, եթե ապահովեին իրենց ֆիզիկական պարզ ներկայությունը։ Կան հարգարժան մարդիկ ովքեր հետևում են իրադարձություններին, բայց մենք ամեն դեպքում ակնկալում ենք իրենց ներկայությունը։ Եթե անգամ խորհուրդներ ունեն տալու, թող դա անեն տեղում։ Ստատուս գրելով դուք չեք մասնակցում շարժմանը՝ ինքնախաբեությամբ մի զբաղվեք, այսօր փողոցում ներկա լինելն է կարևոր։

-Իսկ ո՞վքեր են մասնակիցները, ո՞վքեր են փողոցում ակտիվ պայքարողները։

Հիմնականում նվիրյալներ ու հայրենանվեր մարդիկ են ում կողքին գտնվելը իսկապես պատիվ է։  Փողոցում ազգի սերուցքն է կանգած․ դրանք և երիտասարդներ են, նաև մարդիկ են ում վաստակն անուրանալի է։ Իսկ Բագրատ Սրբազանը իմ ճանաչած ամենաառաքինի մարդկանցից մեկն է, նվիրյալ, իսկական հոգևորական։ Կյանքն է ստիպել, որ այդ բարձրաստիճան հոգևորականը այսօր քայլում է փողոցում ու ստիպված է իր վրա վերցնել այս շարժումն առաջնորդելու առաքելությունը, որովհետև մեր երկրում օրհասական վիճակ է։

-Իսկ մշակութային գործիչների ակտիվությունը ինչպիսի՞ն է Ձեր կածիքով։

Կան շարժմանը աջակից ակտիվ գործիչներ, բայց ես ակնկալում էի ավելի մեծ թվով գործընկերների մասակցություն։ Ցավոք քիչ են, բայց պատճառները նաև իրենց վրա գործադրվող ճնշումներն են, կա նաև պարզապես առօրյա կոմֆորտից չզրկվելու ցանկություն և պարզապես անտարբերություն։

-Իսկ մտածել եք, ի՞նչ կլինի, եթե շարժումը հաջողի և ի՞նչ կլինի եթե չհաջողի։

Եթե հաջողի և առիթ ունենանք վայելել Բագրատ Սրբազանի առաջնորդությունը, որպես վարչապետ կամ երկրի ղեկավար։ Որքան երկար լինի այդ առաջնորդությունը այնքան երկար պետք է վայելենք՝ վստահ եմ։  Եվ վերջապես կարող ենք գալ իր ասած ավետյաց Հայրենիքի կայացմանը։ Անելիքները շատ են, իրավիճակը շատ բարդ ու ծանր է, բայց ես հույսն ու հավատ ունեմ, որ կհասնենք դրան։

Ձախողելը ողբերգական հեռանկար կլինի, և դա ոչ մեկին լավ բան չի բերի՝ նույնիսկ իշխանական ճամբարին։ Դրանից հետո կգան ավելի ռադիկալ ու ավելի բիրտ ընդդիմադիր ուժեր, որոնց գործելոճն էլ այլ կլինի։