Ադրբեջանին ուզում են ասել, որ իրենց բոլոր հրամանները կատարում են․ Արթուր Խաչատրյանը՝ Արցախի նախագահի մեքենան առգրավելու մասին
Որքանով ես գիտեմ, չի եղել որոշում, որևէ փաստաթուղթ չի եղել, որևէ որոշում, որ իրենց իրավունք տար մեքենան առգրավելու, այնպես, որ սա եղել է առևանգում․ խոսելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոմեքենայի առգրավման դեպքի մասին՝ ասել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա բացառապես քաղաքական ուղերձ է՝ ուղղված Ադրբեջանին, որ մենք Ձեր բոլոր հրամանները հլու–հնազանդ կատարում ենք, ուղերձ է նաև արցախցիներին, որ նրանց որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող որևէ քաղաքական և հանրային գործընթացներին։ Վախեցնելու հերթական ժեստ, որը ձախողվելու է»,- ասել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ այս գործողությունը նպատակ ունի լռեցնելու Շահրամանյանին։
«Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախցիների օրինական ընտրված իշխանությունները այստեղ չկարողանան որևէ գործունեություն իրականացնել, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները չունենան ղեկավարություն և առանց ղեկավարություն մնացած մարդիկ լինեն չկազմակերված և դուրս գան Հայաստանից»,-ասել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ հազարավոր Արցախի հայրենակիցներ դուրս են եկել ՀՀ–ից, և այդ հոսքը կարող է մեծանալ դպրոցական տարվա ավարտից հետո։