Արցախի նախագահի մեքենան տարել են հատուկ տեխնիկայի գործադրմամբ, դարպասները ջարդելով․ փաստաբան
Մեզ ո՛չ մեքենան առգրավելու որոշումն են ցույց տվել, ո՛չ տեխնիկական միջոցների գործադրմամբ, այսինքն՝ հատուկ միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում են ցույց տվել, ո՛չ արձանագրություն են կազմել․ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախի ներկայացուցչունում գտնվող անձը, ով այդ պահին եղել է այստեղ, հաշվի առնելով քննիչի ներկայանալու հանգամանքը, նրան ներս է հրավիրել, և այդ գործողության ընթացքում նրան չեն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, այսինքն՝ դարպասները ջարդելով առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան»,- ասել Երիցյանը։
Նրա խոսքով՝ քննիչը խաբեությամբ մուտք է գործել Արցախի ներկայացուցչություն, որից հետո տեղեկացել է, որ անվտանգության աշխատակիցը դարպասը բացելու լիազորություն չունի և տեխնիկական միջոցը չի գտնվում իր մոտ, հրավիրել է Ոստիկանության հատուկ ջոկատայիններին և պարեկային ծառաոյողներին, ովքեր փակել են դիմացի դուռը։
«Ես արդեն հրապարակել եմ տեսագրությունը, որտեղ երևում է ինչպես են դարպասները ջարդելով մուտք գործում և հատուկ տեխնիկայի միջոցով տանում մեքենան»,-ասել է փաստաբանը։