30 Հնս
2024
ABCMEDIA
Փաշինյանը միջազգային ասպարեզում շարունակում է ավանդական ռազմավարությունը՝սադրանքներ հրահրող մանր, կեղտոտ քայլեր․ ռուսական մամուլ

Փաշինյանը միջազգային ասպարեզում շարունակում է ավանդական ռազմավարությունը՝սադրանքներ հրահրող մանր, կեղտոտ քայլեր․ ռուսական մամուլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզում շարունակում է վառ ու սադրիչ քայլեր անել, գրել է Regnum-ը։ Այսպես, նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հանձնարարել է հանդիպել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու (ում Արևմուտքը համարում է նախագահ) Սվետլանա Տիխանովսկայայի հետ, իսկ հետո հայտարարել է Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին։

Ռուս փորձագետներն ակնհայտ վրդովմունքով են վերաբերում այդ քայլերին՝ դրանցում տեսնելով Փաշինյանի՝ արդեն ավանդական ռազմավարության տարրեր՝ մանր, կեղտոտ քայլեր, որոնք ուղղված են Մոսկվայի դեմ սադրանքների ստեղծմանը։ Այսպիսով Փաշինյանը փորձում է ՌԴ-ին դրդել ՀՀ-ին հանել ՀԱՊԿ-ից՝ երկրի տարածքը դարձնելով ֆրանսիական և ամերիկյան հենակետ Կովկասում։

Հակառուսական ռազմավարության շրջանակում է միայն Տիխանովսկայայի հետ հանդիպումը, այն էլ՝ մասնակի։ Այս քայլն, առաջին հերթին, ուղղված էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ում հետ Փաշինյանը երկարամյա անձնական կոնֆլիկտ ունի։ Փաշինյանն այսպիսով խոցել է Լուկաշենկոյին, ով ղարաբաղյան երկրորդ պատերազմում բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին և մոտ մեկ ամիս առաջ այս պատերազմն անվանել է «ազատագրական»։ Պաղեստինի պատմությունը, և սա հազվադեպ դեպք է Փաշինյանի ժամանակաշրջանում, շատ խելացի արտաքին քաղաքական քայլ է, որը հատուկ առնչություն չունի Մոսկվայի հետ։ Ըստ կայքի հետ զրուցած փորձագետների՝ Փաշինյանն այդ քայլին է դիմել Թուրքիայի նախագահի ազդեցությամբ։

EADaily-ին, անդրադառնալով հայ-բելառուսական հարաբերություններին, գրել է, որ մինչ օրս Հայաստանի իշխանությունները չէին հատել որոշակի սահման՝ եզրափակվելով միայն Բելառուսի հասցեին հնչող քննադատություններով ու տարբեր քաղաքագետների ու փորձագետների հայտարարություններով։ Այսօր իրավիճակը սկսել է կտրուկ փոխվել, և Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, որոշել է կասկածի տակ դնել պաշտոնական Մինսկի հետ հետագա համագործակցությունը։

«Ասել, որ բելառուսա-հայկական հարաբերություններում իրավիճակի վրա ազդել են միայն Մինսկի և Բաքվի կապերը, և առավել ևս Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցը և նրա որոշ հայտարարություններն, առնվազն միամտություն է։ Տեղի ունեցողի պատճառները Հայաստանի ներկայիս ղեկավարության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշման մեջ են։ Այն, ինչ տեղի է ունենում Մինսկի և Երևանի հարաբերություններում, Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք շրջադարձի միայն մի մասն է։ Այդպիսով՝ Երևանն արդարացնում է երկիրը թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ Ռուսաստանից հեռանալու իր միտումը», – նշվել է հոդվածում։

Հավելվել է նաև, որ սա դժվար թե հանգեցնի երկրների միջև հարաբերությունների խզման, բայց դրանք կդարձնի ծայրահեղ սառը` կարճաժամկետ հեռանկարում զարգացման հեռանկար չունենալով: «Հարկ է նշել, որ Փաշինյանի նման խաղը, ի վերջո, կարող է թանկ արժենալ ոչ միայն նրա, այլև ողջ Հայաստանի վրա», – եզրափակել է կայքը։