24 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ունի ազատության և բարգավաճման «չափավոր» մակարդակ․ Atlantic Council-ի նոր վարկանիշը

ՀՀ-ն ունի ազատության և բարգավաճման «չափավոր» մակարդակ․ Atlantic Council-ի նոր վարկանիշը

Atlantic Council-ը հրապարակել է 2024 թ-ի «Ազատության և բարգավաճման» ինդեքսը, որտեղ ընդգրկվել են 164 երկրներ։ Այն բաղկացած է երկու մասից։ Վարկանիշային առաջին ցանկում երկրները դասկարգվում են ըստ «Ազատության» ցուցանիշի։ Երկրոդում երկրների բարգվաճման միավորներն են։

Ընդհանուր առմամբ՝ զեկույցի հեղինակները փաստում են, որ վերջին տարիներին քաղաքական իրավունքները, հատկապես խոսքի և տեղեկատվության ազատությունը, բավականին տուժել է։ Որոշ երկրներում խախտվում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, տապալվում են ընտրական գործընթացները։ Այսպիսով ՀՀ-ն ունի «Ազատության» 68.8 միավոր և զբաղեցնում է 66-րդ տեղը ինդեքսում։ Երկիրը համարվում է չափավոր ազատ:

Հարևան պետություններից Ադրբեջանն ունի 47․9 միավոր և գտնվում է 128-րդ հորիզոնականում։ Երկիրը դասվում է «ամենացածր» ազատությունն ունեցողների թվին։ Վրաստանը ևս չափավոր ազատ է։ 73․4 միավորով այն 51-րդն է։ Թուրքիան և Իրանը 53․6 և 32․4 միավորներով 116-րդ և 157-րդ հորիզոնականներում են։ Եթե Անկարայում ազատությունը գտնվում է «ցածր» մակարդակում, ապա Թեհրանում այն «ամենացածրում» է։

Ինչ վերաբերում է «Բարգավաճման» ինդեքսին, ապա այստեղ ՀՀ ունի 72․2 միավոր և զբաղեցում է 57-րդ հորիզոնականը՝ կրկին ունենալով բարգավաճման «չափավոր» մակարդակ։ Նույն մակարդակում են նաև Ադրբեջանը և Վրաստանը։ Բաքուն ունի 67.7 միավոր՝ զբաղեցնելով 72-րդ հորզոնականը, իսկ Վրաստանը 75 միավորով 46-րդն է։ Հարևան պետություններից Թուքիան 68.4 միավորով 70-րդն է, իսկ Իրանը՝ 62․9 միավորով՝ 89-րդը։ Եթե Թուրքիան բարգավաճման չափավոր մակարդակ ունի, ապա Իրանը՝ ցածր։