24 Նոյ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Պետդեպն իր նոր զեկույցում ամփոփել է կրոնական ազատության վիճակը ՀՀ-ում

ԱՄՆ Պետդեպն իր նոր զեկույցում ամփոփել է կրոնական ազատության վիճակը ՀՀ-ում

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «2023 թվականին միջազգային կրոնական ազատության» մասին զեկույցը, որտեղ անդրարադրձ կա նաև Հայաստանին։ Ինչպես նշվել է, ըստ ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն: Այն ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող, բայց նաև սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատումը։

Օրենքն արգելում է, բայց չի սահմանում դավանափոխությունը: Այն արգելում է «կրոնի ազատության իրականացման իրավունքի խոչընդոտումը», ինչպես նաև ատելության խոսքը կամ կրոնական հիմքով անհատի կամ խմբի նկատմամբ բռնություն հրահրելը։ Պատիժները ներառում են տուգանքներ, հասարակական աշխատանք և ազատազրկում:
 
Չնայած 2022 թվականին եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունը դադարեցնելուն, կառավարությունը շարունակել է մեղադրանքներ առաջադրել նրա դեմ «թշնամություն հրահրելու» մեջ, և նրա ձերբակալման հրամանը մնացել է ուժի մեջ։

2023 ուսումնական տարվա ընթացքում իշխանություններն աստիճանաբար հանել են ՀԱԵ պատմության դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենը ներառելով համապատասխան պատմական բովանդակությունը հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում՝ չնայած Հայ Առաքելական եկեղեցու առարկություններին:

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Երևանի միակ հրեական սինագոգը. կառավարությունը շարունակել է հետաքննել միջադեպին հնարավոր օտարերկրյա մասնակցությունը։

Ըստ կրոնական փորձագետների՝ թեև տարվա ընթացքում հիմնական լրատվամիջոցները հիմնականում չեզոք կամ պակաս խտրական են եղել կրոնական կազմակերպությունների նկատմամբ, սոցիալական մեդիան և թաբլոիդային մամուլը շարունակել են հրապարակել այնպիսի հոդվածներ, որոնք կրոնական խմբերը որակել են որպես ատելության խոսք: Ըստ հրեական համայնքի որոշ ներկայացուցիչների՝ հակասեմիտական դավադրության տեսությունները տարածվել են առցանց հարթակում՝ կապված Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետ, որի ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իսրայելական զենք։ Հաղորդվում է, որ ՀԱԵ որոշ հոգևորականներ շարունակել են տարածել սոցիալական մեդիայի տեսանյութեր և հարցազրույցներ տվել, որտեղ կրոնական փոքրամասնությունների խմբերն անվանել են «աղանդներ» և որակվել որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Դեսպանը և դեսպանատան այլ պաշտոնյաներ պարբերաբար հանդիպել են ՀԱԵի և փոքրամասնությունների կրոնական խմբերի հետ՝ քննարկելու երկրում կրոնական ազատության վիճակը: Մարտ ամսին դեսպանը հանդիպել է ՀԱԵ Գարեգին Բ կաթողիկոսի հետ՝ քննարկելու Արցախում կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը։ Դեսպանատան պաշտոնյաները շարունակել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը կրոնական խմբերի և հայկական համայնքների համար կարևոր կրոնական վայրերի վրա։