ԱՄՆ Պետքարտուղարության՝ «2023 թվականին միջազգային կրոնական ազատության» մասին զեկույցում նշվել է, որ Ադրբեջանի իրավապաշտպան խմբերի ու կալանավորների խոսքով՝ կառավարությունը շարունակում է ֆիզիկական բռնությունների ենթարկել, ձերբակալել և բանտարկել կրոնական ակտիվիստներին: Կրոնական գործիչների բազմաթիվ ձերբակալություններ և դատապարտումներ, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, ունեն քաղաքական դրդապատճառներ:
Զեկույցի այս հատվածում անդրադարձ է կատարվել նաև Արցախում հայկական մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացմանը կամ դրա՝ որպես «ալբանական» ներկայացնելու ադրբեջանական իշխանությունների ջանքերին: Հղում անելով Caucasus Heritage Watch-ի ուսումնասիրություններին՝ նշվել է, որ «ոչ մի փորձ չի արվել համակարգված կերպով ջնջելու Ադրբեջանի պատմության և մշակութային կյանքի նյութական հետքերը Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը հայերը վերահսկել են 1994 թվականից մինչև 2020 թվականը»։
CHW-ն փաստագրել է Արցախում մշակութային ժառանգության օբյեկտների վտանգի տակ գտնվող «մտահոգիչ միտումները», ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները: Դրանց թվում է նաև հայկական գերեզմանատունը, որը վնասվել է ճանապարհաշինական աշխատանքների պատճառով:
Պետքարտուղարության զեկույցում նաև նշվել է, որ Արցախում սեպտեմբերյան մարտերի ժամանակ լայնորեն տարածվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորը գնդակոծում 13-րդ դարի Չարեքթարի վանքը: Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ–ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցող Ալեքսանդրա Քսանթակին հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակել է ջանքերը Արցախում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող վերաիմաստավորելու ուղղությամբ:
Հատուկ զեկուցողը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել հայկական ժառանգությունը կովկասյան–ալբանական «պատմվածքի» առաջմղմամբ փոխարինելու կապակցությամբ, և տարածաշրջանի արվեստի փորձագետների ճնշող մեծամասնությունը, ճարտարապետները և հնէաբանները «հերքել են այս ռեվիզիոնիստական պնդումները՝ որակելով դրանք որպես կեղծ»։