Կաթողիկոսը մտահոգված է ազգային կյանքում անհանդուրժողականության և թշնամանքի վտանգավոր դրսևորումների առնչությամբ. Մայր Աթոռ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին.հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից Մայր Աթոռում մեկտեղված հոգևորականներին, անդրադարձել վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին ու մտահոգություն հայտնել երկրում՝ անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի մասին։
«Նորին Սրբությունը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայերի սոցիալական խնդիրների և ազգային կյանքում անհանդուրժողություն ու թշնամանքի վտանգավոր դրսևորումների առնչությամբ։ Հայոց Հայրապետը հորդորել է քահանա հայրերին իրենց պատասխանատվության ներքո գտնվող համայնքների ներգրավմամբ լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, հայրենիքի զորացման և շենացման գործին։ Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը գոհունակությամբ հաստատել է, որ հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»,-ասված է Մայր Աթոռի հայտարարությունում։