Ադրբեջանը թիրախավորում էր հենց խաղաղ բնակչությանը․ Հունան Թադևոսյան
2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի քաղաքացիական զոհեր ավելի շատ եղել են Սառնաղբյուր գյուղում։ «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» թեմայով քննարկմանը ասել է Արցախի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հունան Թադևոսյանը։
«Պատերազմը սկսելուց րոպեներ անց Սառնաղբյուրից մարդկանց տարհանելու հրաման ենք տվել։ Հիշեցնեմ՝ վառելիք չկար, որ մարդիկ ինքնուրույն դուրս գային։ Այնտեղ ապրող երեխաների ծնողներն էլ տեղում չէին, գնացել էին երեխաների համար ուտելիք հայթայթելու՝ բառիս բուն իմաստով։ Պատերազմը սկսելուց հետո էլ ՌԴ խաղաղապահները թույլ չտվեցին, որ նրանք վերադառնան գյուղ՝ երեխաների մոտ»,- պատմել է Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ Սառնաղբյուրում 4 հոգի գերեվարվել էր․ 3 կին, 1 տղամարդ։ Նրանց տեղափոխել էին Ակնա։ Մի քանի օր անց նրանք վերադարձան՝ խոշտանգված․ կանանց մարմինները ամբողջությամբ կապտուկների մեջ կորած, ծեծված, իսկ տղամարդուն այնքան էին ծեծել, որ անվասայլակով հաշմանդամ են վերադարձել։
«Սառնաղբյուրում 5 զոհ ենք ունեցել․ 3-ը երեխա, 2-ը՝ տարեց։ Հաջորդ քաղաքացիական ամենաշատ զոհերը գրանցվել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում՝ 2 հոգի։ Թշնամու նպատակը քաղաքացիներին ճնշելն ու թիրախավորելն էր։ Նրանք հենց քաղաքացիների ուղղությամբ էին կրակում, նրանց հրթիռակոծում»,- ասել է Հունան Թադևոսյանը։