26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները

Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները

«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարություն է տարածել, որով ողջունում է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացրած բանաձևը։

Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի և Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։

Կարևորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան և ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝

  • ապահովելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ և անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,
  • պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,
  • հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,
  • կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը
  • քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահատվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունց

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյան

Ք. Երևան

01.07.2024թ»,-ասված է հայտարարության մեջ։