ՀՀ պատվիրակությունը սուբյեկտիվ պատճառներով չի ժամանել Մինսկ․ Բելառուսի ԱԽՔ
Մինսկը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ անցկացվող շքերթին, սակայն, սուբյեկտիվ պատճառներով, ՀՀ-ն հրաժարվել է մասնակցությունից. հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է, նրան հրավիրում են բոլոր ֆորումներին»,- նշել է նա։
Այս օրերին Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունենում մեկ այլ միջազգային միջոցառում՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը։
«Հայաստանը նույնպես հրավիրված էր, սակայն սուբյեկտիվ պատճառներով (մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները), ցավոք սրտի, հայկական պատվիրակությունը չի ժամանել, չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին»,- հայտարարել է Ալեքսանդր Վոլֆովիչը։