29 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Արաբկիր վարչական շրջանի ձերբակալված ղեկավարը, ի՞նչ ունեցվածք ունի և ինչո՞վ է հայտնի

Ո՞վ է Արաբկիր վարչական շրջանի ձերբակալված ղեկավարը, ի՞նչ ունեցվածք ունի և ինչո՞վ է հայտնի

Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն այսօր գործողություն էին իրականացնում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ կան ձերբակալվածներ: Մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ձերբակալվածների թվում է վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Վերհիշենք՝ ինչ է հայտնի 2022-ից Արաբկիրի թաղապետ նշանակված 43-ամյա Արամ Ազատյանի մասին:

Մասնագիտությամբ իրավաբան Ազատյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվելուց հետո ստացել պահեստազորի կապիտանի կոչում: 2003-2007 թվականներին ծառայել ՊՆ Ռազմական ոստիկանությունում, ապա՝ մինչև 2011-ն աշխատել Ոստիկանությունում:

2010-2012թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել կառավարման մագիստրոսի աստիճան՝ «ֆինանսական մենեջմենթ» մասնագիտությամբ, ապա եղել «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ փոխտնօրենը: Մինչ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար նշանակվելը զբաղեցրել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը:

Մասնակցել է Երևանի ավագանու վերջին ընտրությանը, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկի առաջին 20 թեկնածուների թվում, սակայն անկուսակցական է:

Ակտիվ ներգրավված է եղել նախընտրական քարոզարշավում, եղել Տիգրան Ավինյանի կողքին: 2023-ին արդեն քաղաքապետ Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Մամուլը գրում է, որ Ազատյանն ու Ավինյանը մտերիմ են։ Վերջին անգամ նրանք մի քանի օր առաջ` հունիսի 20֊ին են շրջայց կատարել Արաբկիրում, ինչից հետո տարածվել էին նրանց համատեղ լուսանկարները:

2024 թվականին ներկայացրած հայտարարագրում անշարժ նշել է մեկ անավարտ շինություն, Lexus մակնիշի մեկ մեքենա, 2023 թվականին ձեռք բերած մոտոցիկլ: Որպես աշխատավարձ հայտարարագրել է 8,373,923 դրամ, կանխիկ միջոցները կազմել են 20 000 ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ: Եվս 3,454,857 դրամ հայտարարագրված է նրա բանկային հաշվին: