07 Հոտ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան․ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։

-Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։

Տիկին Զեյա, Դուք համակարգել եք ԱՄՆ ջանքերը՝ աջակցելու Տիբեթի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ինքնության պահպանմանը։ Նկատի ունենալով Ձեր այս փորձառությունը, ուզում եմ անդրադառնալ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում 100.000-ից ավելի հայերի էթնիկ զտմանը, որոնք զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից։ Ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ներառվա՞ծ է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։

Շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Այստեղ թույլ տվեք մի քայլ հետ գնամ։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը պարփակված է եղել անկայունության և բռնությունների շղթայում, եղել են հսկայական կորուստներ, ցավ և ողբերգություն։ Մենք՝ Միացյալ Նահանգները աջակցում է, որ տարածաշրջանում պայմաններ ձևավորվեն տևական և արժանապատիվ խաղաղության համար, որի պարագայում ապահովված կլինի հարգանքը բոլորի իրավունքների նկատմամբ՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից։

Միաժամանակ, Միացյալ Նահանգների համար մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամը և ավելի քան 100 000 տեղահանված անձինք, որոնց մասին ես սկզբում խոսեցի։ Մարդու իրավունքների հետ կապված առաջարկում եմ դիտարկել մեր 2023թ․ զեկույցը մարդու իրավունքների մասին, որտեղ նշվում են մարդու իրավունքների ոտնահարումների ու վայրագությունների մասին հնչեցված հաղորդումները․ օրինակ՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ առկա են արժանահավատ հաղորդումներ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում կատարված ոտնձգությունների մասին, նշվել է, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր զրկված է եղել անհրաժեշտ պարագաներ ստանալու հնարավորությունից, մերժվել է մարդասիրական միջանցքի տրամադրումը։ Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ես ավելի վաղ նշեցի և հիմա էլ ուզում եմ ընդգծել ու գովեստի խոսքեր ասել այս մարդկանց աջակցելու հարցում Հայաստանի կառավարության հսկայական ջանքերի վերաբերյալ և հավելել, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել այս հարցում և այս նպատակի համար անցյալ տարվա սեպտեմբերից պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հատկացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։

Եթե տեղահանվածները վերադառնան, կարծում եք իրատեսակա՞ն է նրանց անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։

Բարդ հարց է սա։ Մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք է այստեղ գործում և որևէ մեկին չի կարող պարտադրվել վերադարձ, վերադարձը պետք է լինի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն։ Չգիտեմ՝ ճիշտ հասկացա ձեր հարցը միջազգային երաշխիքների հետ կապված, բայց կա միջազգային մարդասիրական իրավունքի այս հստակ նորմը, որը պետք է ապահովված լինի խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների ու տեղահանվածների համար։

Նկատի ունեմ, որ հայերը դժվար թե վերադառնան առանց անվտանգության միջազգային երաշխիքների։

Դա հասկանալի է, բայց վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն կամ․․․

Միջազգային դիտորդների կամ խաղաղապահների։

Իմ իմացությամբ, դա չի դիտարկվում այժմ։ Դրա համար էի փորձում հարցն ավելի լավ  հասկանալ։ Իմ իմացությամբ, նման հարց չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները և շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար։ Վերադարձը պետք է կամավոր լինի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։