19 Սեպ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊԵԿ նախկին շենքը պայթեցնելու եղանակով քանդելը վտանգավոր է․ ահազանգ բնակիչներից

ՊԵԿ նախկին շենքը պայթեցնելու եղանակով քանդելը վտանգավոր է․ ահազանգ բնակիչներից

Զեյթունում ապրող բնակիչները ահազանգ են հնչեցնում․ բնակելի շենքերից 40 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքը պայթեցնելու լուրը անհանգստացրել է նրանց։ Բացի բնակելի շենքերին մոտ լինելը, պայթեցվող շենքը հարակից է նաև «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին» և «Միքայելյան վիրաբուժական ինտիտուտին»։

«Բնակելի շենքերից «Սևակ 8», «Սևակ 8/1», «Սևակ 8/2» հասցեների հարևանությամբ է լինելու պայթյունը։ Մեր շենքից հեռու է մոտ 40 մետր, կողքի շենքից էլ՝ ընդամենը 20 մետր։ Պատկերացնու՞մ եք՝ պայթեցման հետևանքով ինչ կլինի։ Եթե անգամ տեսանելի չլինեն վնասները, սեյսմակայունությանը հաստատ վնասելու է։ Չի բացառվում նաև գույքային վնասները»,- ABC media-ին պատմեց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ պնդում է՝ այդ շենքի պայթեցումը վախեցնելու է երեխաներին։

«Պայթեցնելու մասին խոսելուց առաջ մտածե՞լ են, որ հարևանությամբ կա նաև երկու հիվանդանոց, որտեղ տարբեր հիվանդներ են բուժվում»։

ABC media-ն զրուցել է Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ շենքը պայթեցնելու եղանակով քանդելու թույլտվությունը տալու վերաբերյալ։

«Շենքի սեփականատերը մեզ դիմել էր այն քանդելու թույլտվություն ստանալու համար, որը ստացել է։ Դրանից հետո ևս մեկ դիմում է ներկայացրել քանդումը պայթեցման եղանակով իրականացնելու համար։ Դրան մենք տվել ենք բացասական պատասխան։ Մեզ համար շենքի քանդումը պայթեցնելու տարբերակով ընդունելի չէ, որովհետև բացի բնակելի շենքերից, մոտակայքում գտնվում են հիվանդանոցներ»,- պատասխանեց Կոստանյանը։

Բնակիչները, սական, պնդում են՝ սեփականատերը մտադիր է պայթեցնել այն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ABC media-ի հետ զրույցում ասաց՝ երբ որևէ շենք պայթեցնելու որոշում է կայացվում, Ներքին գործերի նախարարությունը տարածքի անվտանգությունը ապահովելու հրաման է ստանում։

«Այդ հրամանը մեզ դեռ չեն տվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

ՊԵԿ նախկին շենքի՝ գործող «Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Մուրադյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։