Ավագանու անդամին սպանելու մեղադրանքով ձերբակալվել է 2 մարդ․ ABCmedia-ն զրուցել է «Սարգիս Մուրադյան» խմբակցության անդամ Արթուր Մելքոնյանի հետ
Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ծեծկռտուք ու կրակոցներ են եղել, որի հետևանքով մահացել է «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամ 37-ամյա Արսեն Աֆիյանը։
«Արսենը հոյակապ անձնավորություն էր։ Բացի ավագանու անդամ լինելուց՝ նա շատ լավ ատամնաբույժ էր։ Բարի, կենսուրախ մարդ»,- ABC media-ին ասել է «Սարգիս Մուրադյան» խմբակցության անդամ Արթուր Մելքոնյանը։
Մամուլում շրջանառվում է՝ ավագանու անդամին սպանել են 7-ամյա երեխայի աչքի առջև. ու՞մ երեխան է եղել, կամ ընդհանրապես երեխա եղե՞լ է տարածքում, թե՞ ոչ, պաշտոնյան ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։
«Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել, հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,- ասել է Մելքոնյանը։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ևս այս մասին տեղեկություն չհայտնեց:
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներին ձերբակալելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասել է Գոռ Աբրահամյանը։
Արսեն Աֆեյանին սպանել են «Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում: Միջադեպը, նախնական տվյալներով, սկսվել է բարձր խոսելու պատճառով արված դիտողությունից:
Ատամնաբույժը ամուսնացած էր, երեք անչափահաս երեխայի հայր: Նա, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում: