26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արվեստագետի տեսակետը պետք է մաքուր լինի, այլ ոչ թե հարող լինի իշխանությանը, կամ նրա ականջը շոյի. Արման Չիլինգարյան

Արվեստագետի տեսակետը պետք է մաքուր լինի, այլ ոչ թե հարող լինի իշխանությանը, կամ նրա ականջը շոյի. Արման Չիլինգարյան

Սցենարիստ և կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի հետ ABC ինտերվյուի ընթացքում զրուցել ենք այն ժամանակակից ֆիլմերից, որոնք ասելիք ունեն, հուզում են և մտածելու տեղիք են տալիս։ Ռեժիսորի կարծիքով՝ մենք մեր ունեցածը լավ չենք ճանաչում և գնահատում, մինչդեռ այնպիսի մեծություն, ինչպիսիսն էր ռեժիսոր Տոնինո Գուերան, երեխայի նման հիանում էր մեր ունեցածով։ Մեր հասարակության համար նաև կարևոր խնդիր է մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումը:

-Երբեմն լինում են դժվար ժամանակներ, որոնք շատ ասելիք են ունենում։ Մեր ժամանակներն ինչպիսի՞ն են, և ասելիքը տեղ հասցնելը հե՞շտ է հիմա։

-Խորհրդային ժամանակաշրջանում այդպիսի մի արտահայտություն կար․ ասում էին «Он выразился между строк»․․․Բոլոր նրանք, ովքեր ուզում էին հասկանալ ասելիքը՝ հասկանում էին, նույնիսկ, եթե այն չափազանց նրբորեն էր ասված։ Ընդ որում՝ կապ չունի որտեղ է ասված ֆիլմո՞ւմ, երաժշտական  ստեղծագործության, ճարտարապետության մե՞ջ, թե՞ այլուր։ Ձեզ մի պատմություն պատմեմ․ կար ակադեմիկ Ժելտովսկի, ում թույլ էին տվել պատերազմից հետո Մոսկվայում շենք կառուցել։ Նախագծի մեջ ճարտարապետը նաև աշտարակ էր նախատեսել։ Այդ տարիներին մեծ նախագծերը սովորաբար հայտնվում էին Ստալինի սեղանին։ Քննարկման ժամանակ Ստալինը հարցնում է, թե որքան կնստի իրենց վրա աշտարակի կառուցումը և, տեղեկանալով, որ գումարը բավականին մեծ է, գիծ է քաշում վրան, և ասում, որ աշտարակը պետք չէ։ Ժելտովսկին էլի պնդում է, որ շենքը տգեղ է առանց աշտարակի։ Իրադարձությունը տեղի էր ունենում 1946-1947 թվերին՝ պատերազմի ավարտից հետո, այդ պատճառով էլ Ստալինը մերժում է ասելով, որ դրա փոխարեն կարող են ուրիշ բան կառուցել։ Ստալինը ճարտարապետին առաջարկում է սեփական տունը վաճառել, եթե ուզում է այդ աշտարակը անպայման կառուցել։ Տունը, կնոջ զարդերը, ինչ ուներ- չուներ վաճառում է Ժելտովսկին, աշտարակը կառուցում, վերջացնում է ու մահանում։ Որքան հրաշալի ֆիլմեր են եղել հենց Ստալինի ժամանակ և որքան մեծ աղդեցություն են ունեցել Տարկովսկու, Փարաջանովի և մյուսների վրա։ Տասնամյակներով դարակների վրա ֆիլմեր են մնացել, բայց մարդիկ իրենց ուզածն ասել են։ Ուզում եմ ասել, եթե ունես ասելիք, ժամանակները կապ չունեն։

– Կարելի՞ է իշխանության հետ «ընկերություն» անել և զերծ պահել տեսակետը կողմնակալությունից։

-Ամեն ժամանակ ունի իր կարևոր ու հետաքրքիր խնդիրները, որոնք պետք է վեր հանել։ Կարևոր է, որ ստեղծագործողը չկորցնի իրեն և ընկերություն անի իշխանության հետ։ Երբ դու ընկերություն ես անում իշխանության հետ, դու կորցնում ես ասելիքը քո տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը։ Եթե անգամ իշխանությունը լավը լինի, թեպետ մենք հասկանում ենք, որ դա մեզ համար պարզապես երազանք է, պետք է միշտ լինել ընդդիմություն, որպեսզի կարողանաս քո տեսանկյունից նայել խնդիրներին, որոնց էլ հետագայում էլ կտրվի, կամ չի տրվի լուծում։ Քո տեսակետը պետք է լինի մաքուր, այլ ոչ թե հարող լինի իշխանությանը, կամ նրա ականջը շոյի։ Ոմանք նույնիսկ տասնամյակներով ընկերություն են անում իշխանության հետ։ Թվում է, թե կարճ ժամանակով իրենք լավ են ապրում, բայց իրականում իրենք իրենց վատություն են անում՝ այդուհետ իրենց ասելիքն այլևս լիարժեք չի լինում։

-Հարցազրույցներից մեկում հայտնի ռուս ռեժիսոր Սոկուրովն ասաց, որ Ռուսաստանը հիմա խորապես հիվանդ է, իսկ հայ հասարակությունը հիմա ի՞նչ վիճակում է։

-Ես իր ասածի հետ համաձայն եմ, իրենք հիմա խնդիր ունեն հասկանալու՝ ո՞վ են իրենք, ու՞ր են գնում, ի՞նչ համար և ինչպես։ Այդ վերջի ինչպեսը ամենաահավորն է, որովհետև երբ մտածում ես՝ ինչպես են դա անում, ինչ են անում՝ չես հասկանում, թե ուր են ուզում գնալ, բայց դա արդեն իրենց խնդիրն է, դնենք մի կողմ։ Մենք էլ ունենք մեծ խնդիրներ, որոնցից մեկը հարգանքը մարդու, քաղաքացու նկատմամբ վերականգնելն է։ Խնդիր ունենք վերադարձնել այդ հարգանքը․․․

-Ինչպե՞ս ներկայացնել պատերազմը և թշնամուն, որ դա հասկանալի և ընդունելի լինի նաև դրսում։

– Դրսում դրան այլ կերպ են նայում։ Իրենց համար պարզապես 2 ազգերի՝ դարից ավելի ձգվող թշնամություն է։ Մենք 2 տարի է մի փաստավավերագրական, խաղարկային մասերով ֆիլմի վրա ենք աշխատում։ Սա պատմում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես պետք է ներկայացնել այսպիսի նյութը։ Ներկայացվելիք ֆիլմում շատերի համար անհայտ պատմություն կա 1915-ից, երբ ավստրալացի և նոր զելանդացի զինվորներ ու որոշ անհատներ մահից փրկել են 60,000 հայերի, ասորիների և հույների։ Այդ պատմությունն անհայտ էր, սցենարը գրվել է ավստրալացի պատմաբանի գրքի հիման վրա և մենք այն նկարեցինք։ Շատ ծանր էր գնում․ ամեն կադրը համեմատում էինք այդ ժամանակահատվածում տեղի ունեցածի հետ, որ հանկարծ չսխալվենք․ ճիշտ կառուցենք և բացահայտենք պատմությունը։ Պարզվեց, որ ավստրալացիների և նոր զելանդացիների կողմից փրկված երեխաներն են կազմել ներկայիս Լիբանանի հայկական համայնքի հիմքը։ Այստեղ էլի առնչվում ենք ներկայացման ձևի հետ․ մենք ոչ թե ցույց ենք տալիս, թե ինչպես են թուրքերը մեզ սպանել, և կրակի մեջ յուղ ենք լցնում, այլ որ այդ տարիներին գտնվել են բարեխիղճ մարդիկ, աշխարհի հեռավոր ծայրից, ովքեր պատերազմի ժամանակ թողել են իրենց գործերը և եկել են օգնության։ Այսպես ստեղծվեց «Գթության ոսկե շղթա» ֆիլմը։ Հուսով եմ՝ մոտակա ամիսներին Հայաստանում պրեմիերան կլինի, իսկ օգոստոսին՝ Ավստրալիայում։

-Արմա՛ն, հիմնականում ֆիլմերի մեծ մասը նկարահանում են տղամարդ ռեժիսորները և այդ ֆիլմերի կանայք ներկայացված են տղամարդու աչքերով։ Արդյոք դա ճի՞շտ հայացք է, և մի՞ թե համաշխարհային ֆիլմարտադրությանը կին ռեժիսորի հայացք չի պակասում։

-Ես ունեմ կին ռեժիսորների ցանկ, ովքեր հզոր դեմքեր են, և կինոաշխարհում ինձ համար ուղեցույց են եղել։ Իրենք քիչ են, բայց կան․ Լենի Լիֆենշտալ, Լարիսա Շիպիչկո, Կիրա Մուրատովա, Կետրին Բիգելոու, Լիլիանա Կավանի․․․Սա ֆանտաստիկ հնգյակ է:

-Իրենց ֆիլմերի կանայք տարբե՞ր են։

-Այն, ինչ ասելու եմ, կարող է Ձեզ դուր չգալ, բայց իրենց ֆիլմերը նայում ես և չես մտածում, որ կին է նկարահանել։ Բայց իրենք այնուամենայնիվ տարբերվում են ․․․Իսկ դուք կարծում եք, որ տղամարդիկ սխա՞լ են ներկայացնում կանանց իրենց ֆիլմերում։

– Հաճախ այո․․․Կանայք իրենք իրենց համար գաղտնիք չեն և երբեմն այդ իմացողի, ճանաչողի հայացքը, կարծիքը իրոք պետք է։ Երևի թե իսկական կանանց կարողանում է մասամբ ներկայացնել  Պեդրո Ալմոդովարը։

-Մոսկվայում մեզ հետ ռեժիսուրա շատ աղջիկներ էին սովորում և իրենք էլ էին այդ հարցը բարձրացնում։ Մեզ հետ սովորում էր առաջին կալմիկ աղջիկ ռեժիսորը՝ Էլլա Մանժեևան, ում այդ հարցը նույնպես հուզում է (ի դեպ նա մասնակցել է նաև Բեռլինալեին)։ Իմ կարծիքով կա լավ պատմություն և կա վատ պատմություն, կա ճիշտ բացահայտված պատմություն և սխալ բացահայտված, թե դա ով կներկայացնի՝ տղամա՞րդ, թե՞ կին՝ դա այլ հարց է։ Իմ տեսած հզոր ֆիլմերում կանայք շատ հետաքրիր են բացահայտված, և կարելի է հասկանալ՝ ով է ինքը ֆիլմում և ինչ է ուզում։ Կարող է՝ ես էլ եմ սխալվում, ես էլ եմ տղամարդու տեսանկյունից նայում (ծիծաղում է)։

-Մեծ ռեժիսոր և սցենարիստ Տոնինո Գուերային, ում մասին Դուք ֆիլմ եք նկարահանել և բախտ եք ունեցել Հայաստանը ցույց տալ, ի՞նչն էր Իտալիայից հետո այդքան հիացրել Հայաստանում, և ինչպե՞ս նա կարողացավ այդքան կարճ ժամանակահատվածում ճանաչել և զգալ Հայաստանը։

-Այդ ֆիլմն ինձ օգնեց, որ ես Մոսկվայում ընդունվեմ սցենարիստների և ռեժիսորների բարձագույն կուրսերի։ Ես իր հետ ծանոթացել եմ հանրահայտ, ֆանտաստիկ ռեժիսոր և նկարիչ Ռուստամ Խամդամովի միջոցով։ Տոնինո Գուերայի հետ ծանոթանալով՝ մի շատ հետաքրքիր բան իմացա մեր մասին․ մենք չենք կարողանում լիովին գնահատել այն տեղը, այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք։ Մենք Տոնինո Գուերայի հետ գնացել էինք Գեղարդ, չէր ուզում այնտեղից վերադառնալ․ նայում էր այդ սարերին և ասում էր․ «Հայաստանը երկիր է, որով կարող ես շրջել ոչ միայն հորիզոնական, այլև  ուղղահայաց, որովհետև ուր նայում ես, քեզ մտածելու տեղ է տալիս, հիանալու տեղ է տալիս։ Գեղեցիկը բնատուր է․․․»։ Երկրներ կան, որ մի երկու հատ բան են ունենում, դա են ցույց տալիս, իսկ մենք այնքան բան ունենք, բայց լավ չենք ուսումնասիրել այն ամենը, ինչ ունենք։ Նույնիսկ այն քիչը, որ իրեն ցույց տվեցինք, հիացրել էր ռեժիսորին։ Երեխայի նման էր այդ ամենին վերաբերվում։ Ինքը բաց էր երկրին, բաց էր մշակույթին, բաց էր պատմությանը և դրա համար էլ կարողանում էր ստանալ և արտահայտել։ Կարող են տեսնել շատերը, բայց տեսածը ճիշտ արտահայտելը տրված է ոչ բոլորին։ Նա դա հրաշալի է կարողանում անել։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը