Ո՞ր ադրբեջանցիներն են վերադառնում, նրանք, որոնք իրենց տները վաճառել ու տեղափոխվե՞լ են․ Լարիսա Ալավերդյան
Ալիևն օրերս թարմացրեց ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» հարցը։ Ինչու՞ թեման զարգացավ այն օրերին, երբ Ալիևը խոսեց «խաղաղության» պայմանագիրը 80-90 տոկոսով պատրաստ լինելու մասին։ Արդյոք այսպիսով ուզու՞մ է հետաձգել պայմանագրի ստորագրումը, թե՞ այլ նպատակ կա։
«Ի՞նչ «խաղաղության» պայմանագրի մասին է խոսքը»,- հարցնում է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու հավելում,- Ադրբեջանի միակ նպատակը Հայաստանի զիջողական քաղաքականությունից օգտվելն ու մեր հայրենիքին մաս-մաս տիրանալն է։ Ասում են՝ ադրբեջանցիները վերադառնան․ ի՞նչ ադրբեջանցիներ։ Նրանք իրենց ունեցվածքը վաճառել կամ փոխանակել են ու փոխել բնակության վայրը։ Հիմա ի՞նչ, վերադառնալու մասին են խոսում, վերադառնան որտե՞ղ, ու՞ր գան։ Կարո՞ղ է բարձրահարկերը իրենց համար են կառուցում»։
Չնայած ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու անհեթեթ հայտարարություններին՝ Ալավերդյանը այն հավանական է համարում գործող իշխանության օրոք։
«Ինչպես Հայաստանի դեմ պատերազմներն էին պայմանավորված, չեմ զարմանա՝ այս հայտարարությունները ևս երկկողմանի պայմանավորվածություն լինի։ Մեր քաղաքացիները ե՞րբ են հասկանալու այս իշխանության վտանգավոր լինելու աստիճանը։ Նա երկիր է զիջում՝ լուռ համաձայնությամբ։ Ինչպե՞ս ենք մենք թույլ տալիս»,-ասել է նա։
Ալավերդյանն անդրադարձել է նաև Ալիևի՝ «խաղաղության» պայմանագրի 80-90 տոկոսով պատրաստ լինելու մասին հայտարարությանը։
«Իսկ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ արդյոք հայկական կողմը պահանջե՞լ է Արցախի ռազմաքաղաքական ու մյուս գերիների անվնաս վերադարձը, Հայաստանի սուվերեն տարածքների վերադարձն ու մի շարք հարցեր։ Ինչու՞ ՀՀ իշխանությունը չի խոսում, տեսնենք, թե ի՞նչ է համաձայնեցվել»,- ասել է Լարիսա նա։
ՀՀ առաջին ՄԻՊ-ը իր անհանգստությունն է հայտնել Ալիևի հռետորաբանական քարոզչության ու Հայաստանի լռության վերաբերյալ։ Նոր զիջումնե՞ր, պատերազմնե՞ր․ ի՞նչ է բերելու մեր գլխին Փաշինյանի կառավարությունը՝ դեռ հայտնի չէ։ Միակ լուծումը հասարակության անհանդուրժողականությունն է՝ իրականացվող ռեժիմի ու զիջողական քաղաքականության դեմ․ եզրափակել է Լարիսա Ալավերդյանը։