Նոր միտում Ադրբեջանում․ ձեռբակալվում են դիվանագետները, իսկ միջազային կազմակերպությունները կոչ են անում ճնշում գործադրել երկրի վրա COP29-ին ընդառաջ
Ադրբեջանը պետք է ազատի մեկ տարի առաջ ձերբակալված ակադեմիկոս, դոկտոր Գուբադ Իբադողլուին, որին սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում շինծու մեղադրանքներով, և վերջ տա կառավարությանը քննադատող ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումներին։ Այս մասին նշվել է մի խումբ ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch -ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
Կազմակերպությունները խստորեն դատապարտել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ շարունակվող բռնաճնշումները, որոնք ուղղված են մարդկանց լայն շրջանակի, այդ թվում՝ իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքական ընդդիմության անդամների և ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների դեմ։
Ադրբեջանն այս տարի գտնվում է համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ որպես ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության կոնֆերանսն (COP29) ընդունող երկիր:« COP29-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները պետք է ճնշեն Ադրբեջանի կառավարությանը՝ հրապարակայնորեն և մասնավոր կերպով, հարգելու մարդու իրավունքների իր պարտավորությունները, այդ թվում՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելով կամայականորեն կալանավորված ակտիվիստներին և իրավապաշտպաններին: Այս երկրները պետք է առաջարկեն կոնկրետ կառուցվածքային բարեփոխումներ՝ ապահովելու համար, որ դրական փոփոխությունները շարունակվեն COP29-ից հետո», – նշվել է հայտարարությունում:
Զուգահեռաբար, ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովի հարազատները և փաստաբանը հայտնել են, որ ոստիկանությունը մեկ օր առաջ ձերբակալել է կառավարության քննադատին անձին դանակահարելու մեղադրանքով, ինչը Իբրահիմովը հերքում է՝ որակավորելով այն որպես ամբողջովին շինծու:
Իբրահիմովի փաստաբան Աքիլ Լայիչը հայտնել է, որ իր պաշտպանյալի խոսքով՝ հուլիսի 22-ի ուշ երեկոյան անհայտ անձը հարձակվել է իր վրա Բաքվի մետրոյի կայարանի մոտ: Անմիջապես հայտնվել են քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդ և նրան տարել Նիզամիի շրջանի ոստիկանության բաժին:
«Դիվանագետի կալանավորումը կարծես նոր միտում է: Էմին Իբրահիմովի խոքով՝ ինքը սադրանքի զոհ է դարձել», – նշել է Լայիչը՝ հավելելով, որ դատարանը պետք է որոշի իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանավորվելուց հետո 48 ժամվա ընթացքում։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Իբրահիմովին սպառնում է ութ տարվա ազատազրկում:
43-ամյա Իբրահիմովը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը, զբաղեցրել է դիվանագիտական այլ պաշտոններ։ Վերջին տարիներին նա քննադատական մոտեցում է ունեցել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ մեղադրելով Բաքվին Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման մեջ։ Սեպտեմբերին նա դատապարտվել է 30 օրվա ազատազրկման՝ «վնասակար տեղեկատվություն տարածելու» մեղադրանքով այն բանից հետո, երբ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Արցախի շուրջ Ադրբեջանի հակամարտությունը Հայաստանի հետ։