26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Sevan Agritech Summit»-ը կխթանի նորարարությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում․ լուսանկարներ

«Sevan Agritech Summit»-ը կխթանի նորարարությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում․ լուսանկարներ

Հուլիսի 24-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Sevan Agritech Summit» միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչները հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ․

«Միջոցառումը նպատակ ունի նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ «Sevan Agritech Summit»-ը կազմակերպում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Միջոցառումը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը:

«Sevan Agritech Summit»-ի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության տնտեսական և քաղաքական գրասենյակի ղեկավար Նեյթըն Ռինգերը և Հայաստանում
Շվեյցարիայի դեսպան Ն.Գ. Լուկաս Ռոզենկրանցը:

«Sevan Agritech Summit»-ի շրջանակում տեղի կունենա եռօրյա համաժողով, ինչպես նաև կանցկացվի մրցույթ՝ լավագույն ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջադրած ընկերությունների միջև։ Համաժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի առաջատար փորձագետներ Հայաստանից և արտերկրից, ներկայացուցիչներ ոլորտի մասնավոր ընկերություններից և հետազոտական հաստատություններից: Կներկայացվի ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման քաղաքականությունը, միջազգային և տեղական լավագույն փորձը, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Մրցույթի ընթացքում հաղթող կճանաչվեն այն ընկերությունները, որոնք առավել արդյունավետ ագրոտեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կարևորագույն խնդիրների համար:

«Sevan Agritech Summit»-ի առանցքում են  հետևյալ թեմաները՝ թվային լուծումների և առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ, առաջատար ագրոկենսատեխնոլոգիաների և երկրատարածական  տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության զարգացման նպատակով:

«Sevan Agritech Summit»-ն անցկացվում է «Sevan Startup Summit 2024» միջոցառման շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ: