
Փաշինյանը հավերժ չէ․ Ալիևի մտավախությունները՝ նոր սպառնալիքների տեսքով․ ABC media-ն զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Հերթական անգամ սպառնում են պատերազմ սկսելով։ Ի՞նչու է Ադրբեջանը նման հայտարարություններ անում, ո՞րն է վերջինիս նպատակը։
Ալիևը հասկանում է, որ Փաշինյանը մշատպես չի լինելու, և կարող է շուտով այլևս Հայաստանի վարչապետ չլինել, դրա համար անհանգիստ հայտարարություններ է անում։ ABC media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ հայտարարությունը որակելով իբրև պաշտպանական ռեակցիա։
«Հայաստանի դեմ հնչող Ադրբեջանի հայտարարությունները, իհարկե, պատերազմի սպառնալիք են պարունակում, բայց ես չեմ կարծում, թե Ալիևը հիմա կհարձակվի Հայաստանի վրա։ Գործող իշխանությունը առանց մերժելու հանձնում է թշնամու պահանջած տարածքները։ Ինչու՞ պետք է Ադրբեջանը նման պայմաններում պատերազմ սկսի, չէ որ այն մեծ ծախսերի հետ է կապված»,- ասում է ադրբեջանագետը։
Ադրբեջանի հաղթանակներից մեկն այն է, որ վերջին 6 տարիներին Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա վերջին տարիներին զգալի նշանակության ու քանալի զենք ձեռք չի բերել, եղածն էլ կամ ոչ տեղին է կիրառվել, կամ էլ չի թարմացվել։ Հետևաբար, ըստ Ադիբեկյանի, Հայաստանը չունի ռազմական ռեսուրս նոր պատերազմի, ինչը Ադրբեջանին երաշխավորում է նոր հաղթանակ՝ ասում է Ադիբեկյանը։
«Ադրբեջանին, սակայն, անհանգստացնում են Հայաստանում տեղի ունեցող զորավարժությունները, որովհետև եթե հիշում եք, 2020 թվականի պատերազմին նախորդող օրերին ադրբեջանա-թուրքական մեծ զորավարժություն էր տեղի ունեցել։ Թուրքիան այդ ժամանակ մեծ քանակով զինամթերք էր բերել Ադրբեջանի տարածք, որը հետ չտարավ։ Հիմա Ալիևը կարծում է՝ Հայաստանում տեղի ունեցող զորավարժությունները կարող են զինել Հայաստանին՝ նույն սխեմայով»,- ասել է ադրբեջանագետը։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում զգուշացում կար նաև ուղղված միջազգային դերակատարներին՝ ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային։ Վերջին տարիներին Ալիևի խոսույթը փոխվել է նաև այդ ասպարեզում։ Բազմիցս սպառնալիքներ են հնչել նրանց նկատմամբ, հետևաբար մեկ սպառնալիք ավել, մեկը պակաս՝ չի ազդելու Ալիև- ԵՄ- գերտերություն հարաբերություններին։
«Երբ խոսում ենք Եվրոպայի, Արևմուտքի՝ Հայաստանին աջակցելուց, մենք պետք է հստակ իմանանք, որ նրանք ինչ էլ անեն՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները հաշվի առնելով են գործելու»։
Հիշեցնենք՝ օրերս ԵՄ-ն Հայաստանի ՊՆ-ին 10 մլն եվրո է փոխանցել՝ բարեփոխումներ անելու համար։ Դրանից առաջ Հայաստանում տեղի էր ունեցել Հայաստան- ԱՄՆ համատեղ զորավարժությունը։ Այս գործողությունները անհանգստության պատճառ են դարձել Ադրբեջանում, ինչն էլ հաջորդել են սպառնալից հայտարարություններ։ Հայատարարություններին արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն։