
Բաքուն COP-29-ին ուզում է մաքրել ցեղասպան անունը, ինչը հայերը պետք է թույլ չտան․ Գևորգ Ղուկասյան
Հայ Դատի գրասենյակը որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարել է և պատրաստվում է բուն գործողությունների անցնել Բաքվում կայանալիք COP-29՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին ընդառաջ։
Ադրբեջանը 2020 թվականից հետո կատարած ցեղասպանական գործունեությունից հետո իր առաջ ռազմավարական նպատակ է դրել միջազգային հանրության աչքի առաջ ցույց տալ, թե իբր մարդասեր երկիր է։ Նա ցանկանում է փրկել իր անունը, իմիջը, որի համար գործի են դրված դեսպանատներ, հատուկ լոբբիստական գործակալությունները։ COP-29-ը այդ համատեքստում չափազանց լավ առիթ է։ ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
«Այդ օրը ակնկալվում է միջազգային ու հանրային մի շարք գործիչների այցեր Բաքու։ Այնտեղ են լինելու նաև աշխարհի տարբեր ծագերից ժամանած լրագրողներ։ COP-29-ը շատ կարևոր ու հարմար առիթ է, որպեսզի մեկ տեղ կենտրոնացված միջազգային հանրության մոտ բարձրաձայնվի Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների, բռնապետության, մարդու իրավունքների կոպտագույն խախտման դեպքերի մասին։ Այդ ժամանակ, ելնելով կոնֆերանսի էությունից, պետք է բարձրաձայնվի նաև Ադրբեջանում առկա բնակլիմայական խնդիրները»,- ասել է Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ Հայ դատի համաշխարհային ցանցը լծված է քարոզչական բնույթի աշխատանքներում։
«Դուք հավանաբար ծանոթ եք Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությանը։ Նա ևս կոչ է արել հայերին ակտիվ լինել այդ հարցում՝ բողոքարկելով համաժողովը Բաքվում տեղի ունենալու որոշման դեմ։ Մեր հայրենակիցները հավանաբար այս հարցում շատ ակտիվ պետք է լինեն։ Դա կարևոր է»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Գևորգ Ղուկասյանը կարծում է՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը այդ համաժողովին լեգիտիմացնելու է ադրբեջանական այդ շոուն, որը միտված է ադրբեջանի ցեղասպան դեմքը փրկվելուն։ Դա որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերիցԼ
«Հայաստանի մասնակցությունը օգտագործվելու Ալիևի դիվանագիտական հաղթանակ։ Այն ներկայացվելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում իբր դրական տեղաշարժ։ Այս մասնակցությունը դժվարացնելու է նաև հայկական շահերի շուրջ ընթացող և ապագայում կատարվելիք աշխատանքը»,- ասել է Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին Բաքվում տեղի է ունենալու COP-29՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկված նաև Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին։ Հայկական կողմը ո՛չ մերժել, ո՛չ էլ հաստատել է մասնակցելու հրավերը։