23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանդալիզմ չէր, որևէ մետաղական մաս արձանին չի դիպել. Պետական կամերային նվագախմբի տնօրենը՝ Կորյունի արձանի մասին

Վանդալիզմ չէր, որևէ մետաղական մաս արձանին չի դիպել. Պետական կամերային նվագախմբի տնօրենը՝ Կորյունի արձանի մասին

Առավոտյան նվագախումբը փորձեր պետք է աներ, սակայն եղանակը անձրևոտ էր։ Խնդրել էինք արագ ինչ-որ ծածկ հավաքել, որ երաժշտական գործիքները չթրջվեն։ Այդպես արագ տաղավար հավաքեցին. ABC media-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը՝ պարզաբանելով համացանցում տարածված և աղմուկ հանած նկարները, որոնցում Կորյունի արձանը ծածկված էր։

«Մեր և, առհասարակ, բոլոր երաժիշտները փորձերի ժամանակ ծածկի տակ են նվագում, որովհետև գործիքներով հնարավոր չէ արևի կամ անձրևի տակ նստել։ Բնականաբար հասկանում եք, որ նման դեպքերում գործիքները ուղղակի փչանում են։ Այդ տաղավարը Մատենադարանի բակում եղել է ընդամենը 1 կամ 1,5 ժամ։ Նկարներում փոքր-ինչ լավ չի հասկացվում կամ էլ հատուկ է այդպես նկարված։ Պարզապես իմանաք՝ վրաններն այնպես էր դրված, որ երաժիշտներին միայն փորձի ժամանակ անձրևից ու արևից պաշտպանի։ Հետո, իհարկե, հանվել է»,- ասել է Բաբուրյանը։

Քաղաքացիների շրջանում զայրույթ առաջացել էր կարևոր նշանակություն ունեցող հուշակոթողի նկատմամբ անզգույշ վերաբերմունքը։ Բոլորը դատում են նկարներով՝ ասում է Ֆելիքս Բաբուրյանն ու հավելում՝ չի հասկանում նկարներն արվել են պատահակա՞ն, թե՞ դիտավորյալ։

«Որևէ մետաղական կոնստրուկտիվ մաս չի դիպել արձանին։ Համերգ է կազմակերպվում, ինչո՞ւ պետք է վանդալիզմ իրականացվեր։ Մենք պետք է աշխարհին ցույց տայի՞նք, որ վանդալիզմ են իրականացնու՞մ սեփական հուշակոթողների նկատմամբ։ Դա պարզապես խեղկատակություն է»,- ասել է նվագախմբի տնօրենը։

Նվագախմբի տնօրենը նշել է, որ համերգի ժամանակ լույսերն այնպես էր դրված, որ հատուկ ընդգծվեին արձանները։ «Շատ լավ համերգ էր, մենք հատուկ լուսավորությամբ ընդգծել ենք Մատենադարանի շենքն ու բակում առկա արձանները»,- ասել է Բաբուրյանը։