18 Հոտ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը երջանիկ է Փաշինյանի նման բանակցող ունենալու փաստից․ Մամիջանյան

Ալիևը երջանիկ է Փաշինյանի նման բանակցող ունենալու փաստից․ Մամիջանյան

­­­­­ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Հայկ Մամիջանյանն ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի սպառնալից հայտարարություններին և հայկական կողմի լռությանը։

«Փաշինյանը հպարտանում է՝ իբր ինքն ու Ադրբեջանն ուղիղ են իրար հետ բանակցում և այն ներկայացնում է որպես հաղթանակ, բայց հակառակը, մեծ խնդիր է։ Եկեք ռեալիստ լինենք, եթե նույնիսկ բանակցություններն ընթանան բարի կամքի տրամաբանության մեջ, ինչն անհնար է, ապա ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման երաշխավորը պետք է լինի միջնորդը։ Ակնհայտ է, որ Հայաստանն այս պահին չի կարող ստիպել Ադրբեջանին այս կամ այն ձեռք բերված պայմանավորվածության իրականացնել։ Այս իրավիճակում կարևոր է բանակցային միջնորդի առկայությունը։ Հաշվի առեք, որ ես որևէ երկրի անուն չտվեցի, ընդամենն այնպիսի երկիր կամ միջազգային կառույց, որն ունակ է դա անելու»,- ասել է պատգամավորը։

Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ Ադրբեջանը, չնայած հայտարարում է, որ պատրաստ է բանակցելու բոլոր հարթակներում, սակայն շատ երջանիկ է Փաշինյանի նման բանակցողի գոյությունից։

Ինչ վերաբերում է հայկական կողմի լռությանը, պատգամավորը նկատում է. «Իսկ ինչի՞ն է արձագանքել հայկական կողմը։ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների՞ն է արձագանքել, «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությա՞նը, թե՞ Մինսկի խմբի լուծարման դիմումին։ Սա նորմալ է, իրենք արձագանքում են բացառապես ընդդիմադիր գործիչների հայտարարություններին»,- ասել է Մամիջանյանը։