Ռուբինյանն ու Քըլըչը ոչ մի պայմանավորվածություն ձեռք չեն բերելու․ թուրքագետ
Ինչպես նախորդ 4 հանդիպումներում, այս անգամ ևս ոչ մի որոշում չի կայացվելու: ABC media-ի հետ զրույցում խոսելով այսօր Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման մասին՝ ասել է թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։
«Այս ձևաչափով հանդիպումները նպատակ ունեին առանց այլ երկրների ներգրավածության հայ-ադրբեջանական հարաբերություններում հապճեպ որոշումներ կայացնելու։ Սակայն առաջին հանդիպմանը մասնակցեց նաև ՌԴ ներկայացուցիչը՝ խափանելով ծրագրերը»,- ասել է թուրքագետը։
Նա հիշեցրել է՝ դեռ երկու տարի առաջ էին պայմանավորվել բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ու երկու տարի է՝ պայմանավորվածությունը գետնի վրա չի կատարվում։
«Այդ երրորդ երկրի քաղաքացիները, իհարկե, ադրբեջանցիներն են լինելու։ Հանդիպումներում Թուրքիան պահանջել էր ադրբեջանցիների անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, որն իբր ապահովելուց հետո միայն պետք է բացվեր սահմանը։ Հենց դրա համար էլ չի բացվում սահմանը»,-ասել է նա։
Եթե այդ հանդիպումները ոչ մի խնդիր չեն լուծում, , ինչու՞ են տեղի ունենում, իմաստը ո՞րն է՝ հարցին ի պատասխան թուրքագետը նշում է՝ ուզում են պարզապես ձևաչափը «տաք» պահել։
Հիշեցնենք՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումն այսօր առաջին անգամ տեղի կունենա հայ-թուրքական սահմանին։ Մինչ օրս նրանք պաշտոնական չորս հանդիպում են ունեցել։